երեքշաբթի, ապրիլ 23
23 / 4 / 2024
Ռոբերտ Մենենդեսը Թուրքիան անվանել է ամենամեծ սպառնալիքն Արևելյան Միջերկրականում

Ռոբերտ Մենենդեսը Թուրքիան անվանել է ամենամեծ սպառնալիքն Արևելյան Միջերկրականում

ԱՄՆ սենատի միջազգային հարցերի հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Մենենդեսը Թուրքիան անվանել է ամենամեծ սպառնալիքն Արևելյան Միջերկրականում և ներառել այն միջազգային հանրության համար հիմնական մարտահրավերների թվում՝ Չինաստանի, Ռուսաստանի և կլիմայի փոփոխության հետ:

Այդ մասին Մենենդեսը հայտարարել է Աթենքի ազգային համալսարանում՝ պատվավոր դոկտորի կոչում ստանալու առիթով ունեցած ելույթի ժամանակ, հաղորդում է Kathimerini թերթը:

«Ես չկարողացա ավելի լավ տեղ գտնել, քան այստեղ՝ արտահայտելու իմ կարծիքը այն մարտահրավերների մասին, որոնք ներկայացնում են Ռուսաստանը, Չինաստանը և Թուրքիան միջազգային մակարդակով, ինչպես նաև կլիմայական ճգնաժամի մասին, որը պատում է աշխարհը: Ես ավելի լավ տեղ չէի գտնում քննարկելու մեր երկու ժողովուրդների անխզելի հարաբերություններ և մեծ հնարավորությունները»,- ասել է Մենենդեսը։

«Այս լսարանում ես կարիք չունեմ որևէ մեկին ասելու, որ Թուրքիան մնում է Արևելյան Միջերկրականի ամենահամառ և անմիջական սպառնալիքը: Չնայած ՆԱՏՕ-ի դաշնակից լինելուն՝ Թուրքիան Էգեյան ծովում սադրիչ թռիչքներով մարտահրավեր է նետում Հունաստանի ինքնիշխանությանը»,-ասել է Մենենդեսը: Սենատորն անդրադարձել է նաև Թուրքիայի կողմից Կիպրոսի օկուպացմանը։

«Սա ժողովրդավարական երկրի գործողություն չէ, և ինչ վերաբերում է ինձ, ես չեմ կարծում, որ նրանց պետք է տրամադրվեն արդիականացված սպառազինության համակարգեր ԱՄՆ-ից», – ասել է Մենենդեսը:

 

  • Կիսվել: