Սենատոր Լինդսի Գրեհեմի քույրը կզբաղեցնի նրա տեղը ԱՄՆ Սենատում
ԱՄՆ սենատոր Լինդսի Գրեհեմի քույրը՝ Դարլին Գրեհեմ Նորդոնը եղբոր մահից հետո ժամանակավորապես կզբաղեցնի նրա տեղը Սենատում։ Հարավային Կարոլինայի հանրապետական սենատորը մահացավ աորտայի դիսեկցիայի հետևանքով։ Այս մասին հայտնում է BBC-ն։
Նահանգապետ Հենրի Մաքմասթերը երկուշաբթի պաշտոնապես հայտարարել էր նրա նշանակման մասին՝ նշելով, որ Նորդոնը կավարտի եղբոր պաշտոնավարման մնացած ժամկետը, որն ավարտվում է 2027 թվականին։
Նշանակման ընթացքում Մաքմասթերը Դարլին Գրեհեմ Նորդոնին ներկայացրել էր որպես սենատորի սիրելի կրտսեր քույր՝ ընդգծելով, որ այժմ նա կշարունակի եղբոր աշխատանքը։ Նորդոնն իր հերթին հայտարարել էր, որ դա մեծ պատիվ է և համոզված է, որ հենց այդպես կցանկանար Լինդսի Գրեհեմը։
Հայտարարությունը հաջորդել էր մի շարք քաղաքական գործիչների, այդ թվում՝ նախագահ Դոնալդ Թրամփի կոչերին, որոնք առաջարկում էին Գրեհեմի քրոջ նշանակումը՝ որպես հարգանքի տուրք երկարամյա սենատորին։ Գրեհեմը երբեք չի ամուսնացել և երեխաներ չունի, սակայն բացառիկ սերտ հարաբերություններ ուներ քրոջ հետ, որին ծնողների մահից հետո փաստացի խնամել էր և հետագայում նաև օրինականորեն որդեգրել՝ ապահովելով նրա համար արտոնություններից օգտվելու իրավունքը։
Լինդսի Գրեհեմը մահացել է 71 տարեկանում։ Վաշինգտոնի դատաբժշկական փորձագետի նախնական եզրակացությամբ՝ մահվան պատճառը սրտանոթային հիվանդությամբ պայմանավորված աորտայի դիսեկցիան է։ Մահվան վերջնական վկայականը կհրապարակվի բոլոր անհրաժեշտ լաբորատոր հետազոտություններից հետո։
Գրեհեմը Սենատում ընտրվել էր 2002 թվականին և համարվում էր ԱՄՆ արտաքին քաղաքականության ամենաազդեցիկ հանրապետական գործիչներից մեկը՝ հաճախ հանդես գալով արտերկրում ամերիկյան ռազմական ներգրավվածության օգտին։ Մահից օրեր առաջ նա այցելել էր Կիև, հանդիպել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի հետ, իսկ մահվանից մեկ օր առաջ հեռախոսազրույց էր ունեցել նախագահ Դոնալդ Թրամփի հետ։
Դարլին Գրեհեմ Նորդոնը նախկինում պետական պաշտոն չի զբաղեցրել։ Առայժմ չի հայտարարվել՝ արդյոք նա կմասնակցի Սենատի հաջորդ ընտրություններին, թե կպաշտոնավարի միայն մինչև եղբոր ժամկետի ավարտը։



