հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Սաակաշվիլին ուշադրության, հիշողության, խոսքի և տեսողական լուրջ խանգարումներ ունի. բրիտանացի հոգեբույժ

Սաակաշվիլին ուշադրության, հիշողության, խոսքի և տեսողական լուրջ խանգարումներ ունի. բրիտանացի հոգեբույժ

Վրաստանի երրորդ նախագահ, այժմ անզատության մեջ գտնվող Միխեիլ Սաակաշվիլիի պատժի հետաձգման կամ չեղարկման հարցով դատավարության ժամանակ, հարցաքննվել է բրիտանացի հոգեբույժ Կոռնելիուս Կատոնան, ով զեկույց է պատրաստել Սաակաշվիլիի առողջական վիճակի մասին, գրում է aliq.ge-ն:

Կատոնան նշել է, որ 2022 թվականի նոյեմբերին անձամբ է զննել Սաակաշվիլիին։ Ըստ Կատոնայի՝ հանդիպումը կայացել է «Վիվամեդ» կլինիկայում և տևել երեք ժամ։ Հոգեբույժի խոսքով, զննման գործընթացում ինքը օգտագործել է հոգեբուժության և ախտորոշման այն ձեռնարկը, որն առաջարկել է Հոգեբույժների ասոցիացիան։

Փորձագետը նաև նշել է, որ զննման արդյունքում բավականին ծանր խանգարումներ է հայտնաբերել հիվանդի ուշադրության, հիշողության, խոսքի և տեսողական-տարածական ընկալման մեջ։

Կատոնան դատական ​​նիստում հայտարարել է, որ երրորդ նախագահի մոտ ախտորոշել է հետտրավմատիկ սթրեսային խանգարում և դեմենցիա։ Բրիտանացի փորձագետի խոսքով, իր զեկույցում նա առանձնացրել է մի քանի պատճառ, որոնք կարող են Սաակաշվիլիի մոտ նյարդաճանաչողական խանգարում առաջացնել:

«Առաջին պատճառը կարող է լինել նրա սոված մնալը կամ արագ սնվելը, մասնակի շնչահեղձությունը, էպիլեպտիկ նոպաները, նրա անբացատրելի ջերմությունը, Վերնիկեի էնցեֆալոպաթիայի հետաձգված բուժումը, բազմաթիվ դեղամիջոցները, որոնք նա ընդունում էր, ինչպես նաև նրա մազերի թունաբանության մեջ հայտնաբերված ծանր մետաղները», — ասել է հոգեբույժը:

Սաակաշվիլիի մայրը՝ Գիուլի Ալասանիան ասել է, որ երրորդ նախագահը շարունակում է նիհարել։ Ալասանիան նշել է, որ Սաակաշվիլին 195 սմ հասակով այժմ կշռում է ընդամենը 68 կիլոգրամ։ Ի դեպ, ձերբակալությունից հետո Սաակաշվիլին նիհարել է ավելի քան 48 կգ։ Անկախ հետազոտության տվյալներով, նման քաշի կորուստը խոսում է կախեքսիայի՝ անվերահսկելի սպառնացող քաշի կորստի մասին։

Նշենք նաև, որ Վրաստանի իշխանությունները շարունակում են հերքել, որ Սաակաշվիլիի վիճակը անհանգստության տեղիք է տալիս՝ պնդելով, որ երրորդ նախագահը «վատ է սնվում» և ձևականություններ է անում:

Ընդգծենք, որ «Վիվամեդ» կլինիկայի տնօրեն Զուրաբ Չխաիձեն երեկ հայտարարել էր, որ  Սաակաշվիլիի հետ շփված անձնակազմից ոչ մեկի մոտ կորոնավիրուս չի հաստատվել: Ըստ Չխաիձեի՝ այժմ սպասում են փաստաբանների PCR թեստի պատասխաններին։

Սաակաշվիլիի փաստաբան Շալվա Խաճապուրիձեին թույլ չեն տվել «Վիվամեդ» կլինիկայում տեսակցել երրորդ նախագահին: Փաստաբանը հունվարի 24-ին տեղեկություն էր տարածել Սաակաշվիլիի կորոնավիրուսով վարակվելու մասին։

Հիշեցնենք, որ Սաակաշվիլին կալանավորվել է 2021 թվականի հոկտեմբերի 1-ին: Դատարանը նրան ազատազրկման է դատապարտել պատգամավոր Վալերի Գելաշվիլիին ծեծի ենթարկելու և Սանդրո Գիրգվլիանիի մահվան գործով դատապարտվածներին ներում շնորհելու համար։ Սաակաշվիլիի դեմ ևս երեք գործ է հարուցվել։ Ձերբակալության առաջին օրը Սաակաշվիլին հացադուլ էր հայտարարել, որը դադարեցրել էր Գորիի կլինիկա տեղափոխվելուց հետո:

2022 թվականի մայիսի 12-ից Սաակաշվիլին գտնվում է «Վիվամեդ» կլինիկայում: Նրա ընտանիքի անդամների ու փաստաբանների պնդմամբ` երրորդ նախագահի առողջական վիճակն օր օրի վատթարանում է, և անհրաժեշտ է բուժման նպատակով նրան տեղափոխել արտերկիր: Հարկ է նշել նաև, որ շուրջ երկու ամիս է Թբիլիսիի քաղաքային դատարանը քննարկում է Սաակաշվիլիի պատիժը հետաձգելու կամ արդարացնելու վերաբերյալ փաստաբանների բողոքը։

  • Կիսվել: