շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Ռուսաստանը, Ուկրաինան, Թուրքիան և ՄԱԿ-ը Ստամբուլում կքննարկեն հացահատիկի մատակարարումների խնդիրը

Ռուսաստանը, Ուկրաինան, Թուրքիան և ՄԱԿ-ը Ստամբուլում կքննարկեն հացահատիկի մատակարարումների խնդիրը

Ռուսաստանի, Ուկրաինայի, Թուրքիայի և ՄԱԿ-ի ներկայացուցիչները մոտ օրերս Ստամբուլում կքննարկեն հացահատիկի արտահանման հետ կապված իրավիճակը՝ հայտնում է Anadolu գործակալությունը՝ վկայակոչելով սեփական աղբյուրները։

Ըստ գործակալության, հանդիպմանը կշոշափվեն «տարածաշրջանում նավերի ապահովագրությանն ու անվտանգությանը, ինչպես նաև ականազերծմանը վերաբերող հարցեր»:

Նախատեսվում է Ստամբուլում ստեղծել համակարգող կենտրոն, որը «հնարավորություն կտա Ռուսաստանից և Ուկրաինայից շուրջ 20 միլիոն տոննա հացահատիկ ու արևածաղկի սերմեր ուղարկել համաշխարհային շուկաներ»։

Գործակալության աղբյուրները նշում են, որ Ռուսաստանն ու Ուկրաինան նախկինում դրական են գնահատել ուկրաինական նավահանգիստներից «հացահատիկի արտահանման միջանցք» ստեղծելու համագործակցությունը։

Խնդրի կարգավորման շահագրգիռ կողմ է Եվրամիությունը: ԵՄ արտաքին գործերի գերագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը «հացահատիկային պատերազմի» վտանգ է տեսնում, որը, նրա կարծիքով, կազդի ոչ միայն Ուկրաինայի, այլև Մերձավոր Արևելքի, Աֆրիկայի և Ասիայի ամենախոցելի երկրների վրա։

Նա միության աջակցությունն է հայտնել ՄԱԿ-ի ջանքերին՝ նավահանգիստների բացման և ծովային ճանապարհն օգտագործելու հրատապ լուծում գտնելու հարցում, ինչպես նաև պատրաստակամություն՝ մասնակցելու որոշումների կայացմանը:

  • Կիսվել: