Ռուսաստանը Մերձդնեստրի անվտանգության համար պատասխանատվություն է կրում այն մանդատի համաձայն, որը մեր զինվորականներն ունեն. Լավրով
Ռուսաստանի Դաշնությունը պատասխանատու է Մերձդնեստրում ապրող ռուսների համար։ Այս մասին ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում ասել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը:
Նա, մասնավորապես, նշել է. ՛՛Իհարկե, մենք պատասխանատու ենք նրանց համար, առաջին հերթին մեր խաղաղապահ զորախումբն ու զորքը, որ պահպանում են Կոլբասնայում գտնվող զինամթերքի հսկայական պահեստը՛՛:
Լավրովը հիշեցրել է, որ խաղաղապահների մանդատը ժամանակին համաձայնեցվել է բոլոր կողմերի հետ, և այն լիովին պահպանում է իր արդիականությունը, որով էլ առաջնորդվելու է ռուսական կողմը։
՛՛Ռուսաստանը Մերձդնեստրի անվտանգության համար պատասխանատվություն է կրում այն մանդատի համաձայն, որը մեր զինվորականներն ունեն։ Մենք կառաջնորդվենք այդ մանդատով՛՛,-նշել է նա:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Լավրովը հայտարարել էր՝ Ուկրաինայի իշխանությունները ՛՛դիվերսիոն դեր՛՛ են խաղում՝ աջակցելով Մոլդովայի ՛՛ռազմական նկրտումներին՛՛ և պատրաստակամություն հայտնելով միջամտել Մերձդնեստրի իրավիճակին ուժի կիրառմամբ։
Մինչ այդ չճանաչված Մերձդնեստրի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը Մոլդովային մեղադրել էր Ռուսաստանին բանակցություններից հեռացնելու փորձի համար։