Ռուսաստանը գրավել է ուկրաինական երկու քաղաք և ռազմավարական օբյեկտներ
Այսօր վաղ առավոտից Ռուսաստանը Ուկրաինայի մի շարք քաղաքներում և մայրաքաղաք Կիևում հարվածներ է հասցնում ռազմական թիրախների, օդանավակայանների և տարբեր ենթակառուցվածքների։
Ըստ Ուկրաինայի զինված ուժերի՝ ոչնչացվել է ռուսական 7 ինքնաթիռ, չորս ուղղաթիռ, ավելի քան մեկ տասնյակ զրահատեխնիկա, 15 տանկ։
Ուկրաինական կողմը հաղորդում է ռուսական զինված ուժերի շրջանում շուրջ 100 զոհի, ինչպես նաև գերեվարվածների մասին:
Ուկրաինայի զինված ուժերն օգտագործում են թուրքական «Բայրաքթար» անօդաչուներ, որոնց միջոցով սահմանը հատելու փորձի ժամանակ խոցվել են ռուսական 5 զրահամեքենաներ և ավտոմեքենա։
Միևնույն ժամանակ ուկրաինական կողմը հաղորդում է, որ ռուսական ուժերին հաջողվել է գրավել Գենիչեսկ և Նովայա Կախովկա քաղաքները։ Համացանցում կադրեր և տեղեկություններ են տարածվել նաև այն մասին, որ ռուսական զորքերը գրավել են Խարկովը։ Մինչդեռ ուկրաինական կողմը հաղորդում է, որ Խարկովում խուճապ չկա, իրավիճակը լիովին վերահսկվում է Ազգային գվարդիայի կողմից։
Ռուսաստանը նաև դեսանտայիններ է իջեցրել Ուկրաինայի տարածք, նրանց կողմից գրավվել է Խերսոնում Դնեպր գետի վրայով անցնող կամուրջներից մեկը։ Խերսոնի շրջանում ռուսական ուժերը գրավել են նաև Հյուսիսղրիմյան ջրանցքի գլխավոր շենքը։ Գրավվել է նաև Կախովկայի հիդրոէլեկտրակայանը։
Օդեսայի շրջանի Լիպեցկոյե գյուղի զորամասի վրա ռուսական հարվածի հետևանքով 22 մարդ է մահացել, այդ թվում՝ 11 կին։ 6 հոգու հաջողվել է փրկել փլատակների տակից։
Համացանցում կադրեր են տարածվել, ըստ որոնց ռուսական ուղղաթիռները հարվածներ են հասցնում Կիևին։