երեքշաբթի, հունիս 9
9 / 6 / 2026
Ռուսաստանը և Ուկրաինան շարունակում են փոխադարձ հարվածները

Ռուսաստանը և Ուկրաինան շարունակում են փոխադարձ հարվածները

Ուկրաինան անցյալ գիշեր դաձյալ ենթարկվել է Ռուսաստանի հարձակմանը՝ ավելի քան 50 հրթիռների և գրեթե 500 հարձակողական անօդաչու թռչող սարքերի օգտագործմամբ։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին:

Նա նշել է, որ հարվածներ են հասցվել Լվովի, Իվանո-Ֆրանկովսկի, Զապորոժիեի, Չեռնիգովի, Սումիի, Խարկովի, Խերսոնի և Օդեսայի մարզերի բնակավայրերին։

«Այս պահին հայտնի է, որ հարձակման հետևանքով վիրավորվել է տասը մարդ։ Ցավոք, հինգ մարդ զոհվել է»,-նշել է Զելենսկին:

Իր հերթին ռուսական ՏԱՍՍ-ը հայտնել է, որ Ուկրաինայի զինված ուժերի անձնակազմը վերջին 24 ժամվա ընթացքում հարձակումներ է իրականացրել Բելգորոդի մարզի բնակավայրերի վրա՝ օգտագործելով ավելի քան 140 անօդաչու թռչող սարք։

Նահանգապետ Վյաչեսլավ Գլադկովի տեղեկատվությամբ՝ Բելգորոդը հարձակման է ենթարկվել 33 անօդաչու թռչող սարքով, որոնցից 30-ը խփվել է: Նշվում է, որ առևտրային օբյեկտի վրա անօդաչու թռչող սարքի հարձակման հետևանքով վիրավորվել է ամուսնական զույգ:

«Տղամարդը հոսպիտալացվել է մարզային կլինիկական հիվանդանոցում, իսկ կինը դուրս է գրվել ամբուլատոր բուժման համար», - գրել է նահանգապետը՝ հավելելով, որ վնասվել են չորս բազմաբնակարան շենքերի ինը բնակարաններ և մեկ առանձնատուն։

Նահանգապետի խոսքով՝ Շեբեկինոյում մի տղամարդ կանգնել է պայթուցիկ սարքի վրա և ծանր վիճակում հոսպիտալացվել է տարածաշրջանային կլինիկական հիվանդանոց։

Տեսանյութը՝ այստեղ:

  • Կիսվել: