Ռուսաստանը եղել է, կա և կլինի արկտիկական առաջատար պետություն․ Լավրով
Ռուսաստանը եղել է, կա և կլինի արկտիկական առաջատար պետություն, Arctic.ru-ի հետ զրույցում հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը:
«Մենք կշարունակենք բարձր լայնությունների համալիր զարգացումը, ինչպես նաև արկտիկական գոտու ենթակառուցվածքների բարելավումը՝ Ռուսաստանի օրենսդրության և երկրի զարգացման նպատակներին համապատասխան», – ասել է Լավրովը։
ՌԴ-ն կշարունակի ճանաչել արկտիկական ծովային տարածքները որպես Համաշխարհային օվկիանոսի անբաժանելի մաս: Այնտեղ գործում են 1982 թվականի ՄԱԿ-ի Ծովային իրավունքի մասին կոնվենցիայի դրույթները, որոնցով ամրագրված են Արկտիկայի ափամերձ պետությունների համար հատուկ իրավունքներ և պարտականություններ։ Այս իրավունքների և պարտականությունների նկատմամբ պարտավորությունը ամրագրվել է Իլուլիսատի հռչակագրում, որը 2008 թվականին ընդունվել է արկտիկական «հնգյակի»՝ Ռուսաստանի, Դանիայի, Կանադայի, Նորվեգիայի և ԱՄՆ-ի կողմից։
«Ռուսաստանը նախընտրում է կառուցողական երկխոսությունը աշխարհի ցանկացած տարածաշրջանում, բայց անհրաժեշտության դեպքում մեր ազգային շահերը կպաշտպանվեն բոլոր հասանելի միջոցներով», – եզրափակել է ՌԴ արտաքին գործերի նախարարը։



