շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
Ռուսաստանը չի կարծում, թե Թուրքիան փորձում է նոր Օսմանյան կայսրություն կառուցել. Պեսկով

Ռուսաստանը չի կարծում, թե Թուրքիան փորձում է նոր Օսմանյան կայսրություն կառուցել. Պեսկով

Թուրքիան Ռուսաստանի շատ կարևոր հարևանն է, առևտրատնտեսական և ներդրումային համագործակցության շատ կարևոր մեծ նախագծերում մեր գործընկերը՝ չնայած որոշակի հակասությունների առկայությանը: Այս մասին RTVI-ին տված հարցազրույցում ասել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը:

Խոսելով տարածաշրջանային հակամարտությունների հարցերում Թուրքիայի հետ համագործակցության մասին՝ նա ասել է. «Մենք համագործակցում ենք Սիրիայի հարցում: Դա բարդ փոխգործակցություն է, երբեմն՝ շատ բարդ, այնուամենայնիվ, ամեն անգամ հաջողվում է գտնել փոխադարձաբար ընդունելի լուծում։ Փոխգործակցությունն ընթանում է նաև ադրբեջանահայկական հակամարտության գծով. Թուրքիայի հետ ուղիղ փոխգործակցում ենք՝ հակամարտության նախկին գոտում իրադրության մշտադիտարկման ուղղությամբ»:

Պեսկովը խոսել է նաև «Մեծ Թուրանի» գաղափարի մասին և ասել, որ Ռուսաստանը չի կարծում, թե Թուրքիան փորձում է նոր Օսմանյան կայսրություն կառուցել։

«Այն, որ Թուրքիայում շատ տարածված են թյուրքական աշխարհի հոգևոր միասնության գաղափարները, ճիշտ է։ Եվ, իսկապես, կա թյուրքական աշխարհի մշակութային և պատմական ընդհանրություն, և Միջին Ասիայի պետությունները, նույնիսկ՝ Ռուսաստանի Դաշնության մեր հանրապետությունները, մեր թաթարները, մեր բաշկիրները ընդհանուր պատմություն ունեն թուրքերի հետ։ Դա և՛ լեզվական պատմություն է, և՛ մշակութային, ընդհանուր ավանդույթներ։ Դրա մեջ ոչ մի սարսափելի բան չկա»,- հավելել է նա:

Ըստ Պեսկովի՝ Թուրքիայում կան ազգայնականներ, որոնք առաջ են տանում «Մեծ Թուրանի» գաղափարը, սակայն նրանք մեծամասնություն չեն կազմում:

  • Կիսվել: