չորեքշաբթի, օգոստոս 26
26 / 8 / 2026
Ռուսաստանը պատրաստ չէ քննարկելու խաղաղ պլանի նոր տարբերակը. Մակրոն

Ռուսաստանը պատրաստ չէ քննարկելու խաղաղ պլանի նոր տարբերակը. Մակրոն

Ռուսաստանի իշխանությունները պատրաստ չեն քննարկելու խաղաղ պլանի նոր տարբերակը, որը համաձայնեցրել են Ուկրաինայի, ԱՄՆ-ի և Եվրոպայի ներկայացուցիչները: Այս մասին Ուկրաինային աջակցող երկրների «Կամավորների կոալիցիայի» առցանց հանդիպումից հետո հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, տեղեկացնում է AFP-ն:

«Այս պահին Ռուսաստանն ակնհայտորեն պատրաստ չէ հրադադարի շուրջ բանակցություններ վարել»,-ասել է Մակրոնը:

Նրա խոսքով՝ Մոսկվան որևէ «պատրաստակամություն չի ցուցաբերել քննարկելու» խաղաղության նոր ծրագիրը։ Մակրոնը կոչ է արել «շարունակել ճնշումը» Ռուսաստանի վրա՝ նրան դրդելու բանակցությունների։

ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն առաջին անգամ մասնակցել է հանդիպմանը։

Նշենք, որ ֆրանսիական RTL և M6 հեռուստաալիքների հետ հարցազրույցում էլ նախագահ Մակրոնը կոչ էր արել պատերազմի ավարտից հետո Ուկրաինայում տեղակայել «անվտանգության միջազգային ուժեր», որոնք պետք է տեղակայվեն Կիևում կամ Օդեսայում, և չպետք է «լինեն առաջնագծում»։

«Ֆրանսիական, բրիտանական և թուրքական զորքերն այնտեղ կլինեն խաղաղության պայմանագրի ստորագրումից հետո, այլ ոչ թե պատերազմի ժամանակ, վարժանքներ և անվտանգության գործողություններ անցկացնելու համար, ինչպես մենք անում ենք ՆԱՏՕ-ի արևելյան թևի մի քանի երկրում»,-ասել է Մակրոնը:

  • Կիսվել: