կիրակի, մայիս 19
19 / 5 / 2024
Ռուսական բանակն Ուկրաինայում ոչնչացրել է մոտ 180 օտարերկրյա վարձկանի․ Կոնաշենկով

Ռուսական բանակն Ուկրաինայում ոչնչացրել է մոտ 180 օտարերկրյա վարձկանի․ Կոնաշենկով

Ուկրաինական բանակի ուսումնական կենտրոններին ՌԴ զինված ուժերի հասցրած հարվածի արդյունքում ոչնչացվել է մինչև 180 վարձկան և օտարերկրյա զինատեսակների մեծ խմբաքանակ։ Այս մասին ճեպազրույցում հայտարարել է ՊՆ պաշտոնական ներկայացուցիչ, գեներալ-մայոր Իգոր Կոնաշենկովը, փոխանցում է Ռիա ՆՈվոստին։

Նրա հայտարարությամբ՝ մարտի 13-ի առավոտյան գերճշգրիտ հարվածներ են հասցվել Ստարիչի բնակավայրում տեղակայված Ուկրաինայի ԶՈւ ուսումնական կենտրոններին և Յավորովսկի զորավարժարանին։ Այդ օբյեկտներում գտնվել է «օտարերկրյա վարձկանների ուսուցման և մարտական ​​համակարգման կետը», ինչպես նաև բազան, որտեղ պահվում էր Արևմտյան երկրների կողմից Ուկրաինային մատակարարված զենքն ու ռազմական տեխնիկան: Կոնաշենկովը հայտարարել է, որ Ուկրաինայի տարածք ժամանած օտարերկրյա վարձկանների ոչնչացումը շարունակվելու է։

Իր հերթին, ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է, որ Արևմուտքից Ուկրաինա վարձկաններ ուղարկելը կհրահրի իրավիճակի աղետալի զարգացում ոչ միայն Ուկրաինայում, այլև՝ ՆԱՏՕ-ի երկրներում։

«Ինչպե՞ս կարող են վարձկանները, ռմբակոծիչները և զենքի մատակարարումները բարելավել Ուկրաինայում հումանիտար իրավիճակը: Ոչ մի կերպ»,- ընդգծել է Զախարովան:

Նրա խոսքով՝ Ռուսաստանը մինչև վերջ առաջարկել է ուկրաինական ճգնաժամը կարգավորել դիվանագիտական ճանապարհով, սակայն ԱՄՆ-ը և Ֆրանսիան հրաժարվել են։ Նա ոչ նորմալ է անվանել արտերկրում ռուսական բիզնեսն Արևմուտքի կողմից ուժով փակելը։

 

  • Կիսվել: