Ռուս-ուկրաինական բանակցությունները հնարավոր կդառնան, երբ Պուտինը փոխի դիրքորոշումը. Ուկրաինայի ԱԳՆ
Պաշտոնական Կիևն արձագանքել է Մոսկվայից հնչող հայտարարություններին առ այն, որ ռուս-ուկրաինական կարգավորման հարցով ստամբուլյան բանակցային ձևաչափը վերսկսելու պայմաններ կան, և Ռուսաստանը բաց է Կիևի ներկայացուցիչների հետ ուղիղ բանակցությունները շարունակելու համար։
Նշենք նաև, որ Ռուսաստանի Արտաքին գործերի նախարարությունը նաև մեղադրել էր ուկրաինական կողմին՝ բանակցային գործընթացը խոչընդոտելու համար:
Ուկրաինայի ԱԳՆ խոսնակ Գեորգի Տիխի այս առնչությամբ հայտարարել է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը չի ցանկանում դադարեցնել պատերազմը, իսկ բանակցությունները հնարավոր կդառնան, երբ Ռուսաստանի նախագահը փոխի դիրքորոշումը։
Տիխին հիշեցրել է, որ ուկրաինական պատվիրակությունն այս տարի արդեն մի քանի անգամ մեկնել է Ստամբուլ՝ հանդիպելու ռուսական պատվիրակության հետ:
«Սակայն, ցավոք, Մոսկվան ուղարկել է ցածր մակարդակի պաշտոնյաների, որոնք անդադար նույն վերջնագրերն են ներկայացրել և որոշումներ կայացնելու իրավասություն չեն ունեցել»,- նշել է Ուկրաինայի ԱԳՆ խոսնակը և հավելել, որ պատրաստ են Ռուսաստանի և Ուկրաինայի նախագահների մակարդակով հանդիպում կազմակերպել և բանակցել հրադադարի շուրջ:


