Ռուս-թուրքական պայմանագիրը ստորագրումից մեկ դար անց չի կորցրել նշանակությունը. Թուրքիայի խորհրդարանի խոսնակ
Փաստաթղթի ստորագրումից մեկ դար անց Մոսկվայի պայմանագիրը չի կորցնում իր նշանակությունը: Այս մասին Թուրքիայի խորհրդարանի շենքում կազմակերպված ՛՛Թուրքիայի և Ռուսաստանի միջև հարաբերությունները 1921 թ. մարտի 16-ի Մոսկվայի պայմանագրի կնքման հարյուրամյակին՛՛ թեմայով քննարկումների բացման ժամանակ ասել է Թուրքիայի խորհրդարանի խոսնակ Մուստաֆա Շենթոփը, տեղեկացնում է ՛՛Անադոլուն՛՛:
Նա, մասնավորապես, նշել է. ՛՛Այս փաստաթուղթը դարձել է Ռուսաստանի կողմից Թուրքիայի խորհրդարանի կառավարության և մեր երկրի արևելյան սահմանների որոշման ճանաչման վկայությունը: Պայմանագիրը ստորագրվել է դիվանագիտական հարաբերությունների հաստատումից մեկ տարի անց: Այսպիսով, երկու երկրները ցույց են տվել համերաշխության և փոխադարձ աջակցության իրենց ցանկությունը՛՛:
Նշենք, որ Մոսկվայի ռուս-թուրքական պայմանագիրը՝ Ռուսաստանի Խորհրդային Ֆեդերատիվ Սոցիալիստական Հանրապետության (ՌԽՖՍՀ) կառավարության և Թուրքիայի Ազգային մեծ ժողովի կառավարության միջև 1921 թվականի մարտի 16-ին կնքված «եղբայրության և բարեկամության պայմանագիրը» բանակցվել է Մոսկվայի ռուս-թուրքական երկրորդ կոնֆերանսի (26 փետրվարի - 16 մարտի, 1921 թվական) ժամանակ։
Սույն պայմանագրով Ռուսաստանը ճանաչում էր Թուրքիայի ինքնիշխանությունն Ազգային մեծ ուխտի՝ թուրքական ճանաչած բոլոր տարածքների նկատմամբ։ Թուրքիան, իր հերթին, հրաժարվում էր Բաթումից` փոխարենը ստանալով Սուրմալուի գավառը։ Պայմանագրով հաստատվել է Թուրքիայի հյուսիս-արևելյան սահմանը, որը գործում է առ այսօր: