հինգշաբթի, հուլիս 9
9 / 7 / 2026
Ռուբիոն հայտնել է՝ ո՛ր դեպքում ԱՄՆ-ն կհամաձայնի Ուկրաինային անվտանգության որևէ երաշխիք տրամադրել

Ռուբիոն հայտնել է՝ ո՛ր դեպքում ԱՄՆ-ն կհամաձայնի Ուկրաինային անվտանգության որևէ երաշխիք տրամադրել

Միացյալ Նահանգները ցանկանում է նախ խաղաղ գործարք կնքել, իսկ հետո արդեն համաձայնեցնել Ուկրաինային անվտանգության որևէ երաշխիք տրամադրելու հարցը: Այս մասին եվրոպացի դաշնակիցներին հայտնել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն, տեղեկացնում է Politico-ն՝ վկայակոչելով եվրոպացի դիվանագետին և երկրորդ աղբյուրին:

Նշվում է, որ այս պայմանը եղել է Կիևին ուղղված ԱՄՆ առաջարկների հիմքում վերջին շաբաթվա ընթացքում։

Նոյեմբերի 25-ին եվրոպացի առաջնորդների հետ հեռախոսազրույցի ժամանակ Ռուբիոն հայտարարել է, որ Դոնալդ Թրամփը կբանակցի Ուկրաինայի համար երկարաժամկետ անվտանգության երաշխիքների շուրջ, որոնք Կիևին կապահովեն «անվտանգության զգացում»:

Եվրոպացի մեկ այլ դիվանագետ հայտնել է, որ Ռուբիոն հայտարարել է, թե Ուկրաինայի համար անվտանգության երաշխիքները Թրամփի վարչակազմի համար առաջնահերթություն են և քննարկվում են առանձին։ Նա հավելել է, որ դրանք այն հարցերի շարքում են, որոնց շուրջ արդեն համաձայնություն է ձեռք բերվել, և ԱՄՆ-ն ցանկանում է արագ ավարտին հասցնել ամբողջ փաթեթը։

Բացի դրանից, Politico-ի աղբյուրը պնդել է, որ Ռուբիոն «ընդհանուր առմամբ» նշել է այլ հարցեր, որոնք պետք է լուծվեն գործարքի կնքումից հետո, այդ թվում՝ Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը և Եվրոպայում (որոշ դեպքերում՝ ԱՄՆ-ում) սառեցված ռուսական ակտիվների ճակատագիրը։

  • Կիսվել: