երեքշաբթի, մայիս 14
14 / 5 / 2024
Ռոման Աբրամովիչը որոշել է վաճառել «Չելսին»․ Հասույթը կուղղվի Ուկրաինային

Ռոման Աբրամովիչը որոշել է վաճառել «Չելսին»․ Հասույթը կուղղվի Ուկրաինային

Ռոման Աբրամովիչը որոշել է վաճառել «Չելսին»։ Միլիարդատերը նշել է, որ «Չելսիից» հեռանալու որոշումը «անհավանական դժվար» է եղել իր համար, սակայն նշել է, որ ինքը «միշտ որոշումներ է կայացրել՝ ելնելով ակումբի շահերից»։

«Ստեղծված իրավիճակում, կարծում եմ, ամենաճիշտ որոշումը ակումբը վաճառելն է»,- հայտարարել է Աբրամովիչը։

Նա նաև հայտարարել է բարեգործական հիմնադրամի ստեղծման մասին, որին կփոխանցվի «Չելսիի» վաճառքից ստացված ողջ հասույթը։ Հիմնադրամը օգնություն կտրամադրի Ուկրաինայի հակամարտության բոլոր տուժածներին։

Աբրամովիչը ավելի վաղ հայտնել էր, որ «Չելսիի» ղեկավարությունը փոխանցել է թիմի բարեգործական հիմնադրամի հոգաբարձուներին։ Իսկ մամուլում տեղեկություններ եղան, որ նա շտապ վաճառում է իր ակտիվներն Արևմուտքում, այդ թվում՝ անշարժ գույքն ու զբոսանավը։

Ռոման Աբրամովիչը 2003 թվականի ամռանը գնեց «Չելսին», որն այդ պահին կործանման եզրին էր։ Միլիարդատերը փակել էր ակումբի պարտքերը և թիմը համալրել ֆուտբոլային աստղերով, ինչը թույլ է տվել «Չելսիին» դառնալ աշխարհի ուժեղագույն թիմերից մեկը։

  • Կիսվել: