չորեքշաբթի, մայիս 8
8 / 5 / 2024
ՌԴ ՊՆ-ն մեկնաբանել է Խարկովի մարզում Ուկրաինայի ԶՈւ-ի հակահարձակումը

ՌԴ ՊՆ-ն մեկնաբանել է Խարկովի մարզում Ուկրաինայի ԶՈւ-ի հակահարձակումը

Ուկրաինայի զինված ուժերն ազատագրել և հսկողության տակ են վերցրել Խարկովի մարզի ավելի քան 30 բնակավայր: Այս մասին երեկ՝ ուրբաթ օրը, տեսաուղերձում հայտնել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին, տեղեկացնում է Interfax-ը:

Ռուսաստանի Պաշտպանության նախարարությունը մեկնաբանել է Խարկովի մարզում Ուկրաինայի ԶՈւ-ի հակահարձակումը։

Ըստ ՌԴ պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Իգոր Կոնաշենկովի՝ ՛՛նպատակներին հասնելու համար որոշում է կայացվել վերախմբավորել զորքերը Բալակլեյի և Իզյումի շրջաններում՝ Դոնեցկի ուղղությամբ ջանքեր գործադրելու համար՛՛:

՛՛Դոնբասի ազատագրման հատուկ ռազմական գործողության նպատակներին հասնելու համար որոշում է կայացվել վերատեղակայել ռուսական ուժերը՝ կենտրոնացնելու ջանքերը Դոնեցկի ուղղությամբ: Նշված տարածքներում տեղակայված ռուսական ստորաբաժանումը Դոնեցկ տեղափոխելու օպերացիան իրականացվել է 3 օրվա ընթացքում՛՛,- նշել է Իգոր Կոնաշենկովը։
 
Նրա խոսքով՝ վերախմբավորման ընթացքում ռուսական կողմը վնասներ է հասցրել ուկրաինական կողմին: 
 
Ուկրաինական լրատվամիջոցների տվյալով էլ՝ ռուսական ուժերը հետ են քաշվել Խարկովի Կուպյանսկ և Իզյում քաղաքներից, իսկ ուկրաինական ուժերն արդեն Լիսիչանսկի և Կրասնի Լիմանի մերձակայքում են:

 

  • Կիսվել: