ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
ՌԴ ՊՆ-ն հաղորդել է Բրյանսկի մարզում ուկրաինական ԱԹՍ-ների երկու հարձակման փորձի մասին

ՌԴ ՊՆ-ն հաղորդել է Բրյանսկի մարզում ուկրաինական ԱԹՍ-ների երկու հարձակման փորձի մասին

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտնել է օգոստոսի 31-ին Բրյանսկի մարզում ուկրաինական անօդաչու թռչող սարքերով հարձակման երկու փորձ կանխելու մասին։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին գերատեսչությունը հաղորդագրություններ է տարածել իր Telegram ալիքում։

 
 

 «Ս․թ․ օգոստոսի 31-ին, Մոսկվայի ժամանակով մոտ 10:00-ին կասեցվել է Կիևի վարչակարգի հերթական փորձը՝ ինքնաթիռային տիպի անօդաչու թռչող սարքով ահաբեկչություն իրականացնելու Ռուսաստանի Դաշնության օբյեկտների վրա: Անօդաչու թռչող սարքը ՀՕՊ ուժերի հերթապահ միջոցներով ոչնչացվել է Բրյանսկի մարզի տարածքում», - ասել են գերատեսչությունում:

Ինչպես նշել է Բրյանսկի նահանգապետ Ալեքսանդր Բոգոմազը, տուժածներ և ավերածություններ չկան։

Այնուհետև ՌԴ ռազմական գերատեսչությունը ևս մեկ հայտարարություն տարածեց՝ նշելով, որ Բրյանսկի մարզում նման մեկ հարձակում էլ կանխվել է Մոսկվայի ժամանակով ժամը 12։00-ի մոտ։

Բացի Բրյանսկի մարզից, հաղորդումներ են ստացվել նաև Բելգորոդի մարզի ուղղությամբ գրոհի մասին։ Ըստ ТАСС-ի՝ անցած օրվա ընթացքում ուկրաինացի զինվորականները մոտ 75 անգամ հարձակում են գործել Բելգորոդի շրջանի բնակավայրերի վրա։ Ըստ նահանգապետ Վյաչեսլավ Գլադկովի՝ երկու բնակավայրերում վնասվել է էլեկտրահաղորդման գիծը։

  • Կիսվել: