ՌԴ օդատիեզերական ուժերը զորավարժությունների ժամանակ հաշվի են առել ԼՂ-ում հարվածային ԱԹՍ-ների կիրառման փորձը.Դեմին
Ռուսաստանի Դաշնության օդատիեզերական ուժերը 2021 թ. անցկացված զորավարժությունների ժամանակ հաշվի են առել Լեռնային Ղարաբաղում հակամարտության ընթացքում հետախուզական եւ հարվածային անօդաչու թռչող սարքերի կիրառման փորձը։ Այս մասին ասել է ՌԴ օդատիեզերական ուժերի հատուկ նշանակության հակաօդային եւ հակահրթիռային պաշտպանության բանակի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Անդրեյ Դեմինը, հայտնում է ՆՎՕ-ն:
Աղբյուրին տված հարցազույցում Դեմինը, մասնավորապես, ասել է. ՛՛ՀՕՊ զորամասերում մարտական պատրաստությունը կազմակերպվում է պլանային զորավարժություններով եւ կատարելագործվում հակաօդային պաշտպանության կազմավորումների եւ զորամասերի հետ վարժանքների ժամանակ։ Հաշվի է առնվել Լեռնային Ղարաբաղի հակամարտության փորձը, որտեղ առաջին անգամ զանգվածաբար կիրառվել են հետախուզական եւ հարվածային անօդաչու թռչող սարքեր՛՛:
Նա նշել է, որ հատուկ ուշադրություն է դարձվել անօդաչուներին հակազդելու համար զորքերի պատրաստությանը` հաշվի առնելով ՍԱՀ-ում եւ Հայաստանի Հանրապետությունում զինված հակամարտությունների փորձը: