ՌԴ-ն վերահսկողություն է հաստատել նոր բնակավայրերի վրա, խոցել է Ուկրաինայի ռազմական ենթակառուցվածքի 79 օբյեկտ. Կոնաշենկով
Ռուսաստանի Դաշնության զինված ուժերը, շարունակելով հարձակումը լայն ճակատով, վերահսկողություն են հաստատել Նովոանդրեեւկա, Կիրիլովկա բնակավայրերի վրա եւ հասել են Նովոմայորսկոյե-Պավլովկա-Նիկոլսկոյե-Վլադիմիրովկա-Բլագոդատնոյե սահման: Այս մասին հայտնել է ՌԴ ՊՆ պաշտոնական ներկայացուցիչ, գեներալ-մայոր Իգոր Կոնաշենկովը։
Նա, մասնավորապես, նշել է. ՛՛Օրվա առաջխաղացումը 12 կիլոմետր է կազմել: Լուգանսկի Ժողովրդական Հանրապետության զորքերի խմբավորումը վերահսկողության տակ է վերցրել Մոլոդյոժնոյե եւ Վոզգորիե բնակավայրերը եւ գրավել Պոպասնայա բնակավայրի հարավային եւ կենտրոնական հատվածները։ Լուգանսկի ժողովրդական միլիցիայի առաջավոր ջոկատները հասել են Սեւերոդոնեցկ քաղաքի ծայրամասեր։
Ռուսաստանի օդատիեզերական ուժերի ավիացիան եւ հակաօդային պաշտպանությունը օդում խոցել է ուկրաինական ռազմաօդային ուժերի մեկ ՛՛Մի-24՛՛ ուղղաթիռ եւ երեք անօդաչու թռչող սարք, այդ թվում՝ մեկ ՛՛Բայրաքթար ՏԲ-2՛՛: Օպերատիվ-մարտավարական, բանակային եւ անօդաչու ինքնաթիռները խոցել են Ուկրաինայի ռազմական ենթակառուցվածքային 79 օբյեկտներ, այդ թվում՝ կառավարման չորս կետ եւ կապի հանգույց, երկու զենիթահրթիռային համակարգ, երեք MLRS կայանք, էլեկտրոնային պատերազմի մեկ կայան, վեց զինամթերքի պահեստ եւ զինտեխնիկայի կուտակման 54 վայր՛՛:
Կոնաշենկովը նաեւ հայտնել է, որ գործողության ընթացքում շարքից հանվել են ուկրաինական ռազմական ենթակառուցվածքի 3593 օբյեկտներ, ոչնչացվել է 61 ուղղաթիռ, 126 անօդաչու թռչող սարք, 1159 տանկ եւ այլ զրահատեխնիկա, 118 բազմակի հրթիռահրետանային կայանք, 436 դաշտային հրետանի եւ ականանետ եւ 973 միավոր հատուկ ռազմական մեքենա: