ՌԴ-ն ստացել է ԱՄՆ-ի և Ուկրաինայի քննարկած ծրագրի հիմնական պարամետրերը. Կրեմլի խոսնակ
Մոսկվան ստացել է Ուկրաինայում խաղաղության ծրագրի հիմնական պարամետրերը Ժնևում Կիևի, ԱՄՆ-ի և Եվրոպայի ներկայացուցիչների կողմից դրա քննարկումից հետո: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտնել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, տեղեկացնում է Ինտերֆաքս-ը։
«Հիմնական պարամետրերը փոխանցվել են։ Հաջորդ շաբաթ Մոսկվայում քննարկում տեղի կունենա»,-ասել է Պեսկովը:
Լրագրողները հետաքրքրվել են, թե ով պետք է ճանաչի ուկրաինական կարգավորման վերաբերյալ որոշումները՝ առանձին երկրնե՞րը, թե՞ ՄԱԿ-ը։ Ի պատասխան՝ Պեսկովն ասել է. «Սա կորոշվի բանակցությունների ընթացքում։ Այս բոլոր նրբությունները կորոշվեն բանակցությունների ընթացքում։ Մենք չենք ուզում առաջ անցնել և քննարկումներ անցկացնել նման հրապարակային մեգաֆոնային ձևաչափով. մենք դա ճիշտ չենք համարում»։
Կրեմլի խոսնակին նաև խնդրել են պարզաբանել նոյեմբերի 27-ին Բիշքեկում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի արած այն հայտարարությունը, որ ռազմական գործողությունները կդադարեն, երբ Ուկրաինայի զինված ուժերը դուրս գան իրենց զբաղեցրած տարածքներից։ Պեսկովին հարցրել են՝ արդյոք դա վերաբերում է Դոնբասին, թե՞ նաև Զապորոժիեին և Խերսոնի մարզին։«Մենք հիմա չենք բացահայտի բոլոր մանրամասները։ Նախագահը երեկ նման կոչ արեց։ Այս ամենը կքննարկվի», – նշել է նա։
Հիշեցնենք, որ ավելի վաղ ԱՄՆ-ն առաջարկել էր ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորման՝ 28 կետից բաղկացած ծրագիր։
Նոյեմբերի 23-ին ԱՄՆ-ն և Ուկրաինան, ինչպես նաև եվրոպական երկրների ներկայացուցիչները Ժնևում խորհրդակցություններ են անցկացրել խաղաղության ծրագրի շուրջ։ Ավելի ուշ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ծրագրի կետերի թիվը կրճատվել է մինչև 22։
Նշենք նաև, որ ըստ ամերիկյան սկզբնական առաջարկի՝ Ուկրաինան պետք է տարածքային զիջումների գնա, հրաժարվի ՆԱՏՕ-ին անդամակցելու ձգտումներից և կրճատի իր զորքերի թվաքանակը։


