ՌԴ–ն, Սիրիան, Իրանն ու Թուրքիան անդրադարձել են Անկարայի և Դամասկոսի հարաբերություններին
Ռուսաստանը, Սիրիան, Իրանն ու Թուրքիան իրենց տեսակետներն են ներկայացրել Անկարայի և Դամասկոսի հարաբերությունների վերաբերյալ։ Այս մասին ՌԻԱ Նովոստիին հայտարարել է Իրանի արտգործնախարարի օգնական Ալի Ասգար Հաջին, ով ղեկավարում է Աստանայում Սիրիայի հարցով բանակցություններում Իրանի պատվիրակությունը։
«Տարբեր տեսակետներ են ներկայացվել, տարբեր ուղղություններով տարբեր տեքստեր։ Սակայն դրանք պետք է ուսումնասիրվեն, աշխատանքը պետք է համակարգվի։ Մենք այժմ գտնվում ենք յուրաքանչյուր կողմի հետ կարծիքների փոխանակման փուլում», – ասել է նա։
Հունիսի 20-ին Աստանայում Դամասկոսի և Անկարայի հարաբերությունների կարգավորման առիթով քառակողմ հանդիպում է անցկացվել Ռուսաստանի, Սիրիայի, Թուրքիայի և Իրանի փոխարտգործնախարարների մակարդակով։
Ռուսաստանից բանակցություններին մասնակցում էր ԱԳՆ փոխնախարար Միխայիլ Բոգդանովը, Թուրքիայից` փոխարտգործնախարար Բուրակ Ակչապարը, Սիրիայից` փոխարտգործնախարար Այման Սուսանը և Իրանից` արտգործնախարարի օգնական Ալի Ասգար Հաջին։
Սա նման ձևաչափով երկրորդ միջոցառումն է, նախորդ անգամ փոխնախարարները հանդիպել էին մայիսի սկզբին Մոսկվայում` չորս երկրների արտգործնախարարների մակարդակով հանդիպման կազմակերպման նպատակով, որը կայացել է մայիսի 10-ին ՌԴ մայրաքաղաքում։
Հանդիպման արդյունքում նախարարները կարգադրել են սկսել նախապատրաստել Դամասկոսի և Անկարայի միջև հարաբերությունների կարգավորման ճանապարհային քարտեզի նախագիծը։