ՌԴ-ի և ՇՀԿ-ի երկրների միջև առևտրի ծավալը 2022 թ․ աճել է ավելի քան մեկ երրորդով
Շանհայի համագործակցության կազմակերպության (ՇՀԿ) մասնակից երկրների հետ Ռուսաստանի առևտրի ծավալը 2022 թվականին ավելացել է ավելի քան մեկ երրորդով՝ հասնելով 263 միլիարդ դոլարի։ Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ТАСС գործակալությունից, ՇՀԿ-ի գագաթնաժողովում այս մասին ասել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։
Պուտինը հավելել է, որ Ռուսաստանի և Չինաստանի միջև առևտրային գործարքների ավելի քան 80%-ն իրականացվում է ռուբլով և յուանով:
Շանհայի համագործակցության կազմակերպության երկրների 23-րդ գագաթնաժողովն անցկացվում է հուլիսի 4-ին՝ առցանց ձևաչափով։ Գագաթնաժողովը նախագահում է Հնդկաստանը։ Գագաթնաժողովին մասնակցում են ՇՀԿ-ի անդամ երկրները՝ Չինաստանը, Ռուսաստանը, Ղազախստանը, Ղրղզստանը, Պակիստանը, Տաջիկստանը և Ուզբեկստանը։ Բացի այդ, գագաթնաժողովին են մասնակցում նաև Իրանը (որն ավարտում է ՇՀԿ մտնելու ընթացակարգերը), Բելառուսը և Մոնղոլիան։