ՌԴ ԱԻՆ-ը ռուս-վրացական սահմանի Վերին Լարս ավտոմոբիլային անցակետում ջեռուցման կետեր է տեղակայել, տեղում աշխատում են նաև ԱԻՆ հոգեբաններ
Ռուսաստանի ԱԻՆ աշխատակիցները ռուս-վրացական սահմանի Վերին Լարս ավտոմոբիլային անցակետում ջեռուցման կետեր են տեղակայել, տեղեկացնում է «Коммерсантъ»-ը։
Նշվում է, որ Հյուսիսային Օսիայում եղանակային պայմանների վատթարացման պատճառով Վլադիկավկազ-Լարս հատվածում տրանսպորտային միջոցների երթևեկությունն արգելված է:
«Ռուսաստանից ելքի հատվածում տաքացման կետեր են տեղակայվել։ Այստեղ վարորդները և ուղևորները կարող են հանգստանալ, լիցքավորել իրենց գաջեթները և տաքանալ թեյով»,- ասված է գերատեսչության տելեգրամյան ալիքում։
Իրենց հերթին ռուսական ԶԼՄ-երը հայտնում են, որ տեղում աշխատում են նաև ԱԻՆ հոգեբանները։
Հյուսիսային Օսիայի փոխվարչապետ Իրբեկ Տոմաևը նոյեմբերի 25-ին հայտնել է, որ վատ եղանակի պատճառով Վերին Լարսի անցակետում էլեկտրոնային հերթում մոտ 1100 բեռնատար է կուտակվել։