երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
ՌԴ ԱԳՆ-ն դատապարտել Է Իսրայելի` Սիրիայի վրա հարձակումը` կոչ անելով զերծ մնալ սադրանքներից

ՌԴ ԱԳՆ-ն դատապարտել Է Իսրայելի` Սիրիայի վրա հարձակումը` կոչ անելով զերծ մնալ սադրանքներից

 Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը վճռականորեն դատապարտել Է Իսրայելի հարվածները Սիրիայի տարածքին։ Այս մասին ասված է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի հայտարարության մեջ, որը հրապարակվել է գերատեսչության կայքում։

Ըստ ստացված հաղորդագրությունների, փետրվարի 19-ի գիշերը Իսրայելի ՌՕՈւ-ն հարվածներ է հասցրել Սիրիայի տարածքին: Դամասկոսում և նրա շրջակայքում հարձակման են ենթարկվել մի քանի թիրախներ։ Հրթիռներից մեկը հարվածել է քաղաքային բնակելի շենքին։ Արդյունքում, նախնական տվյալներով, զոհվել է հինգ մարդ, 15-ը` վիրավորվել։

«Խստորեն դատապարտում ենք Իսրայելի կողմից ձեռնարկված ուժային գործողությունները, որոնք միջազգային իրավունքի նորմերի կոպիտ խախտում են։ Կոչ ենք անում իսրայելական կողմին դադարեցնել Սիրիայի դեմ զինված սադրանքները և ձեռնպահ մնալ այնպիսի քայլերից, որոնք հղի են վտանգավոր հետևանքներով ողջ տարածաշրջանի համար»,–նշել է Զախարովան։

Նրա խոսքով՝ նման արատավոր պրակտիկայի շարունակումը բացարձակապես անընդունելի է, հատկապես այն պայմաններում, երբ աշխարհի շատ երկրներ` ներառյալ Ռուսաստանը, ակտիվորեն օգնում են Սիրիային հաղթահարել ավերիչ երկրաշարժի հետևանքները՝ այնտեղ ուղարկելով իրենց փրկարարներին, բժիշկներին և հումանիտար բեռներ:

  • Կիսվել: