հինգշաբթի, հուլիս 9
9 / 7 / 2026
ՌԴ ԱԳՆ-ն Ադրբեջանի դեսպանին պարզաբանումներ է տվել Կիևում դեսպանատանը հարվածի առնչությամբ

ՌԴ ԱԳՆ-ն Ադրբեջանի դեսպանին պարզաբանումներ է տվել Կիևում դեսպանատանը հարվածի առնչությամբ

Ռուսաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Միխայիլ Գալուզինը հանդիպել է Ռուսաստանում Ադրբեջանի դեսպան Ռահման Սահիբ օղլու Մուստաֆաևի հետ, հայտնում է Ռուսաստանի Արտաքին գործերի նախարարությունը։

Նշվում է, որ հանդիպման ընթացքում, ի թիվս այլ հարցերի, Գալուզինը պարզաբանումներ է տվել Կիևում Ադրբեջանի դեսպանատան հետ կապված միջադեպի վերաբերյալ։ 

«Զրույցի ընթացքում նշվել է, որ ադրբեջանական կողմից նոյեմբերի 14-ին ստացված դիմումը՝ Կիևում գտնվող՝ Ադրբեջանի դիվանագիտական ​​​​առաքելության շենքերին, գույքին և տարածքին հասցված վնասի վերաբերյալ, ուշադիր ուսումնասիրվել է Ռուսաստանի համապատասխան գերատեսչությունների կողմից:

Միևնույն ժամանակ առկա տեղեկատվության ուսումնասիրությամբ պարզվել է, որ Կիևում գտնվող՝ Ադրբեջանի դիվանագիտական ​​​​առաքելության շենքերին հասցված վնասը, ամենայն հավանականությամբ, պայմանավորված է Ուկրաինայի զինված ուժերի հակաօդային պաշտպանության համակարգերի սխալ աշխատանքով, ենթադրաբար՝ Patriot հրթիռի անկմամբ»,-ասված է հաղորդագրության մեջ:

ՌԴ ԱԳՆ-ից նաև հայտնում են, որ «հատուկ ընդգծվել է, որ Ուկրաինայում գտնվող Ադրբեջանի Հանրապետության օբյեկտների դեմ ենթադրյալ «հրթիռային հարվածների նպատակային բնույթի» մասին պնդումները չեն համապատասխանում իրականությանը»։

  • Կիսվել: