շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
Ռազմական գործողություններից հետո Գազայի հատվածը կկառավարեն պաղեստինցիները

Ռազմական գործողություններից հետո Գազայի հատվածը կկառավարեն պաղեստինցիները

Պաղեստինյան ՀԱՄԱՍ խմբավորման քաղբյուրոյի ղեկավար Իսմայիլ Հանիեն թուրքական «Անադոլու» գործակալությանը տված հարցազրույցում ասել է, որ ռազմական գործողությունների դադարեցումից հետո Գազան կառավարվելու է պաղեստինցիների կողմից։

«ՀԱՄԱՍ-ը չի պնդում, որ Գազայի միակ կառավարող մարմինը լինի, բայց մենք Պաղեստինի ժողովրդի մի մասն ենք և կարող ենք գործընկերությամն հիմունքով ազգային միասնության կառավարություն ստեղծել և պայմանավորվել Գազայի կառավարման շուրջ: Սրանք ազգային խնդիրներ են։ Մենք թույլ չենք տա, որ իրավիճակը Պաղեստինում՝ Գազայում, Արևմտյան ափին կամ երկու տարածքներում, կառավարվի օկուպանտների կամ որևէ մեկի կողմից»,- ասել է նա:

Ըստ Հանիեի,  առաջարկվել են Գազայի կառավարման այլընտրանքային տարբերակներ, սակայն այդ այլընտրանքների հաջողությունն անհնար է։

«Մենք Պաղեստինի ներքին քաղաքականության  երկփուլ կարգավորման կոչ արեցինք: Առաջին փուլը Պաղեստինի ազատագրման կազմակերպության (ՊԱԿ) վերակազմավորումն է՝ դրա մեջ պաղեստինյան բոլոր խմբավորումները ներգրավելու նպատակով։ Երկրորդ փուլը ենթադրում է ազգային կառավարության ստեղծում, որը պետք է զբաղվի Գազայի վերականգնմամբ և մեկ հարկի տակ միավորի Արևմտյան ափի և Գազայի ինստիտուտները, ինչպես նաև ապահովի նախագահական, օրենսդիր և ազգային խորհրդի ընտրությունների անցկացումը»,- ասել է նա։

Հանիեն ընդգծել է, որ «Գազան Պաղեստինի ազգային մասն է»՝ մատնանշելով, որ «ՀԱՄԱՍ-ն ակնկալում է, որ Գազայի հատվածը և Արևմտյան ափն ընդգրկող Ազգային համաձայնության կառավարությունը կղեկավարի երկիրը պատերազմից հետո»:

  • Կիսվել: