«Ռաֆահը» չի լինի պաղեստինցիների վտարման անցակետ. Եգիպտոսի ԱԳ նախարար
Եգիպտոսի և Գազայի հատվածի սահմանին գտնվող «Ռաֆահ» անցակետը չի լինի պաղեստինցիների վերաբնակեցման սահմանային անցակետ: Այս մասին հայտարարել է Եգիպտոսի արտաքին գործերի նախարար Բադր Աբդելաթին։
Նա, մասնավորապես, ասել է. ««Ռաֆահը» սահմանային անցակետ է մարդկանց Գազայի հատված մուտք գործելու և մարդասիրական ու բժշկական օգնություն ներմուծելու համար։ Այն չի լինի պաղեստինցիներին իրենց տարածքից վտարման անցակետ։ Սա Եգիպտոսի անսասան դիրքորոշումն է, այն չի փոխվի»:
Աբդելաթիի խոսքով՝ պաղեստինցիների վերաբնակեցման հարցը «կարմիր գիծ» է արաբական երկրների համար: Նա վստահեցրել է, որ ոչ մի դեպքում դա թույլ չի տրվի։
ԱԳ նախարարը դատապարտել է պաղեստինցիների տեղահանումը, անհեթեթ է որակել փաստը, որ Իսրայելն այն ներկայացնում է որպես կամավոր տեղահանություն։ Արտգործնախարարի խոսքով՝ Գազայում նաև սովի պայմաններ են ստեղծվել, ինչը ևս մեկ պատճառ է պաղեստինցիների տեղահանումն արդարացնելու համար: Բադր Աբդելաթին հայտնել է, որ զրուցել է ԱՄՆ հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆի հետ և քննարկել հրադադարին ուղղված ջանքերը։ Նա մեղադրել է Իսրայելին, որ շարունակում է անզիջում լինել և չի գնում այն գործարքին, որին համաձայնել է պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը։
Իսրայելը դեռևս որևէ արձագանք չի տվել միջնորդների ներկայացրած՝ Գազայի հատվածում հրադադարի վերջին առաջարկին, չնայած այն հանգամանքին, որ ՀԱՄԱՍ-ը համաձայնել է իր համար նախկինում ընդունելի պայմաններին։


