չորեքշաբթի, հունիս 25
25 / 6 / 2025
Պուտինը պատերազմում է ուկրաինականության գաղափարի դեմ. սա ցեղասպանություն է․ Բայդեն

Պուտինը պատերազմում է ուկրաինականության գաղափարի դեմ. սա ցեղասպանություն է․ Բայդեն

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն առաջին անգամ օգտագործեց «ցեղասպանություն» բառը՝ կապված Ուկրաինայում ռուս զինվորականների գործողությունների հետ։ Մինչ այդ, նա կիրառում էր «ռազմական հանցագործություններ» եզրը, գրում է BBC-ն։

Չորեքշաբթի օրը, սակայն, ԱՄՆ նախագահը երկու անգամ օգտագործեց «ցեղասպանություն» բառը։ Առաջին անգամ, երբ ներկայացնում էր Այովայում նոր կանոնակարգերը, Բայդենն ամերիկացիներին ասաց, որ մեկ այլ երկրում բռնապետի կողմից իրականացված «ցեղասպանությունը» չպետք է վնասի նրանց դրամապանակին։

Երբ լրագրողները Բայդենին հարցրին այս արտահայտության մասին, նա բացատրեց. «Ես դա անվանեցի ցեղասպանություն, քանի որ գնալով ավելի պարզ է դառնում, որ Պուտինը փորձում է երկրի երեսից ջնջել ուկրաինացի լինելու գաղափարը»:

Ըստ Բայդենի, օկուպացված և պաշարված ուկրաինական քաղաքներում ռազմական հանցագործությունների և քաղաքացիական անձանց մահվան մասին վկայությունները նրան հանգեցրել են այս եզրակացությանը: Հարցին, թե արդյոք հնարավոր է տեղի ունեցողը իրավաբանորեն որակել որպես ցեղասպանություն, նա պատասխանեց, որ որոշումը պետք է կայացնեն իրավաբանները։

Նախագահ Զելենսկին Twitter-ում արձագանքել է Բայդենի խոսքերին։ «Իրերն իրենց անուններով կոչելը շատ կարևոր է չարին դիմակայելու համար»,- գրել է նա։

  • Կիսվել: