Պուտինը մեկնում է Չինաստան. ում հետ կհանդիպի
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Չինաստանում Շանհայի համագործակցության կազմակերպության (ՇՀԿ) գագաթնաժողովի շրջանակներում հանդիպում կունենա Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի հետ: Այս մասին հայտնել է Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովը։
«Նախատեսվում է զրույց Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ։ Առաջնորդները մշտական կապի մեջ են, շատ են խոսում հեռախոսով... Սա այս տարվա առաջին հանդիպումը կլինի Չինաստանում։ Իր թուրք գործընկերոջից հետո հերթը Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանինն է»,-նշել է նա:
Ուշակովը հավելել է, որ Վլադիմիր Պուտինի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի միջև Պեկինում հանդիպման վերաբերյալ պայմանավորվածություն դեռևս չկա. «Սակայն, երկու առաջնորդներն էլ սեպտեմբերի 3-ին ներկա կլինեն Երկրորդ համաշխարհային պատերազմում Հաղթանակի 80-ամյակին նվիրված միջոցառումներին, ուստի, ըստ նրա, «ամեն ինչ հնարավոր է, եթե կա ցանկություն»:
Այս օրը Չինաստանում Տյանանմեն հրապարակում Հաղթանակի տարեդարձի պատվին ռազմական շքերթ կանցկացվի: Նախկինում հաղորդվել էր, որ տոնակատարություններին կմասնակցեն 26 օտարերկրյա առաջնորդներ:
«Չգիտեմ: Մենք հատուկ չենք պայմանավորվել այս հանդիպման վերաբերյալ: Բայց կրկին, առաջնորդները կլինեն նույն սեղանի շուրջ, նույն միջոցառումներին: Ինչպես ասում են, ամեն ինչ հնարավոր է, եթե կա ցանկություն, կա կամք», - նշել է Ուշակովը՝ պատասխանելով Պուտինի և Ալիևի հնարավոր հանդիպման մասին լրագրողների հարցերին։
Նշենք, որ Պուտինը Չինաստան կայցելի օգոստոսի 31-ից սեպտեմբերի 3-ը։ Այցի շրջանակներում նախագահը կմասնակցի ՇՀԿ գագաթնաժողովին, որը տեղի կունենա Չինաստանի Տյանցզին քաղաքում օգոստոսի 31-ից սեպտեմբերի 1-ը։ Ռուսաստանը նաև ուսումնասիրում է նախագահ Վլադիմիր Պուտինի և Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընի երկկողմ հանդիպման հնարավորությունը Չինաստանում սեպտեմբերի 3-ին՝ Պեկինի Տյանանմեն հրապարակում Երկրորդ համաշխարհային պատերազմում հաղթանակի 80-ամյակին նվիրված զորահանդեսի ժամանակ։


