Պուտինը հայտնել է հաջորդ շաբաթ Էրդողանի հետ հեռախոսազրույց ունենալու հավանականության մասին
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ հաջորդ չորեքշաբթի հավանական է հեռախոսազրույց ունենա իր թուրք գործընկեր Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ, տեղեկացնում է ՛՛Ինտերֆաքսը՛՛:
Պատասխանելով այս տարվա օգոստոսին Թուրքիա իր այցի հնարավորության մասին՝ Պուտինն ասել է. ՛՛Չգիտեմ, պայմանավորվել էինք, որ կհանդիպենք. կամ նա մեզ մոտ կգա, կամ ես կայցելեմ նրան։ Նա ինձ հրավիրել էր Թուրքիայում ընտրություններից առաջ, բայց որոշեցինք, որ ավելի լավ է դա չանել, որպեսզի ոչ ոք այս թեմայով շահարկումներ չանի՛՛:
Պուտինը նշել է նաեւ, որ Թուրքիայում գազային հանգույցի հարցը մնում է օրակարգում։
՛՛Ես ուզում եմ հստակեցնել՝ սա նավթ կամ նավթի պահեստ չէ, սա գազ է։ Սա գիտենք և՛ մենք, և՛ մեր թուրք ընկերները։ Խոսքը էլեկտրոնային առևտրային հարթակի ստեղծման մասին է։ Մենք չենք պատրաստվում այնտեղ հսկայական քանակությամբ գազ մթերել։ Պարզապես դա հարմար վայր է էլեկտրոնային առևտրի հարթակ կազմակերպելու համար, քանի որ Թուրքիան դարձել է տարանցիկ երկիր Եվրոպայի համար, և սկզբունքորեն նրա դերը, որպես տարանցիկ երկիր, մեծանալու միտում ունի՛՛,-ասել է ՌԴ նախագահը: