Պուտինին և Լավրովին արգելված չէ մուտք գործել ԵՄ տարածք․ ԵՀ խոսնակ
Եվրամիությունը պատրաստ է թույլ տալ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին մուտք գործել իր տարածք։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է Եվրահանձնաժողովի խոսնակ Անիտա Հիփերը, տեղեկացնում է The Insider-ը՝ ընդգծելով, որ այս հայտարարությունը հնչել է Պուտինի և Թրամփի միջև Հունգարիայում հնարավոր հանդիպման մասին հաղորդումների ֆոնին։
«Մենք սառեցրել ենք Պուտինի և Լավրովի ակտիվները, բայց նրանց վրա չի տարածվում ճանապարհորդության արգելքը. այն երբեք նրանց վրա չի տարածվել։ Հանդիպումը ներկայում հաստատված չէ, և մենք չենք մեկնաբանի հիպոթետիկ սցենարները: Բայց եթե այն տեղի ունենա, ապա նրանց վրա չի տարածվում ճանապարհորդության արգելքը»,- ասել է նա։
ԵՀ ներկայացուցիչը հավելել է, որ Ռուսաստանի բարձրաստիճան պատվիրակությանը տեղափոխող օդանավի մուտքը ԵՄ օդային տարածք թույլ տալու հարցը կորոշվի յուրաքանչյուր դեպքի համար առանձին՝ անդամ պետությունների հայեցողությամբ։
Հիշեցնենք, որ ԵՄ օդային տարածքը 2022 թվականից ի վեր փակ է ռուսական քաղաքացիական օդանավների համար՝ պատժամիջոցների շրջանակում։
Ավելի վաղ Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը հայտարարել էր, որ Պուտին-Թրամփ գագաթնաժողովի նախապատրաստական աշխատանքներն ընթանում են «ամբողջ թափով»։
Նշենք նաև, որ նախօրեին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ավելի քան երկու ժամ հեռախոսազրույց էր ունեցել Ռուսաստանի առաջնորդի հետ, որից հետո հայտարարել էր Բուդապեշտում առաջիկայում իրենց հնարավոր հանդիպման մասին:


