Պետքարտուղարը շուտով կներկայացնի այն երկրները, որոնք կմասնակցեն Հորմուզի նեղուցի ապաշրջափակմանը․ Թրամփ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Սպիտակ տանը տեղի ունեցած նիստի ժամանակ հայտարարել է, որ պետքարտուղար Մարկո Ռուբիոն շուտով կներկայացնի այն երկրներ, որոնք կմասնակցեն Հորմուզի նեղուցի ապաշրջափակմանը:
Նրա խոսքով՝ ՆԱՏՕ-ին շատ վատ ապագա է սպասվում, եթե դաշինքի անդամ երկրները չաջակցեն ԱՄՆ-ին Հորմուզը բացելու հարցում։
Նշենք, որ Եվրոպական Միության անդամ երկրների արտաքին գործերի նախարարները հրաժարվել են իրենց ռազմանավերն ուղարկել Հորմուզի նեղուց։
ԱՄՆ առաջնորդը վրդովվել է եվրոպական երկրների դիրքորոշումից, որոնք, նրա խոսքով, ԱՄՆ-ից պաշտպանություն են պահանջում, սակայն հրաժարվում են աջակցել Մերձավոր Արևելքի հակամարտությունում:
«Մենք 40 տարի պաշտպանել ենք այդ երկրներին, ծախսելով տասնյակ միլիարդավոր դոլարներ։ Ես այս մասին կտեղեկացնեմ Ներկայացուցիչների պալատին և Սենատին և կհարցնեմ՝ ինչո՞ւ ենք մենք պաշտպանում այդ երկրներին, որոնք չեն պաշտպանում մեզ։ Ես միշտ զգացել եմ, որ ՆԱՏՕ-ն թույլ տեղ է»,- նշել է Թրամփը։
Թրամփն անդրադարձել է նաև ռուս-ուկրաինական հակամարտությանը՝ նշելով, որ ԱՄՆ-ն պարտավոր չէ օգնել Ուկրաինային:


