ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Պետքարտուղարությունը պատասխանել է միջուկային պատերազմի մասին Մեդվեդևի հայտարարությանը

Պետքարտուղարությունը պատասխանել է միջուկային պատերազմի մասին Մեդվեդևի հայտարարությանը

ԱՄՆ Պետդեպարտամենտի մամուլի ծառայության ղեկավարի տեղակալ Վեդանտ Պատելը մեկնաբանել է ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևի երեկվա հայտարարությունն առ այն, որ սովորական պատերազմում միջուկային տերության պարտությունը կարող է միջուկային պատերազմ հրահրել, գրում է cbsnews.com-ը:

Մեդվեդևի խոսքերը համահունչ են միջուկային զենքի մասին Մոսկվայի նախկին հայտարարություններին, ասել է Պատելը։ Նրա խոսքով՝ այս հարցում «սադրիչ հռետորաբանությունը» «ոչ միայն վտանգավոր է, այլև անխոհեմ»։

«Միջուկային պատերազմում չի կարելի հաղթել և այն երբեք պետք չէ վարել»,- ընդգծել է նա։

Մեդվեդևը Telegram-ի իր ալիքում գրել էր, որ հունվարի 20-ին ՆԱՏՕ-ի «Ռամշտայն» ռազմաբազայում «ռազմական ղեկավարները կքննարկեն նոր մարտավարություն և ռազմավարություն, ինչպես նաև Ուկրաինային նոր ծանր սպառազինությունների և հարվածային համակարգերի մատակարարումը»:

«Եվ երբեք խեղճուկրակներից ոչ մեկի մտքով անգամ չի անցնում անել հետևյալ տարրական եզրակացությունը. սովորական պատերազմում միջուկային տերության պարտությունը կարող է հրահրել միջուկային պատերազմի բռնկումը: Միջուկային տերությունները չեն պարտվել խոշոր հակամարտություններում, որոնցից կախված է նրանց ճակատագիրը»,- ասել է Մեդվեդևը։

Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը նշել էր, որ Անվտանգության խորհրդի փոխնախագահի խոսքերը չեն վկայում միջուկային դոկտրինի փոփոխության մասին, որի վերջին տարբերակը հաստատվել է 2020 թվականին։ Դրանում նշված են այն պայմանները, որոնց դեպքում Ռուսաստանը կարող է միջուկային զենք կիրառել: Սա, մասնավորապես, ագրեսիա է երկրի դեմ սովորական զենքի կիրառմամբ, երբ վտանգված է պետության գոյությունը։

  • Կիսվել: