հինգշաբթի, մայիս 16
16 / 5 / 2024
Պետդեպի ներկայացուցիչը հրաժարական է տվել՝ ի նշան Բայդենի՝ իսրայելական ռեժիմին աջակցության դեմ բողոքի

Պետդեպի ներկայացուցիչը հրաժարական է տվել՝ ի նշան Բայդենի՝ իսրայելական ռեժիմին աջակցության դեմ բողոքի

ԱՄՆ Պետքարտուղարության պաշտոնյան, որն աշխատում էր սպառազինությունների գլոբալ փոխանցումների բաժնում, չորեքշաբթի հրաժարական է տվել, քանի որ դեմ է պաղեստինյան ՀԱՄԱՍ խմբավորման և Իսրայելի միջև բախումների ֆոնին Վաշինգտոնի կողմից Իսրայելին լրացուցիչ ռազմական օգնության տրամադրմանը: Այս մասին գրում է Axios-ը:

Ջոշ Փոլը, որը Պետքարտուղարության Ռազմաքաղաքական հարցերի բյուրոյի՝ Կոնգրեսի և հասարակական կապերի բաժնի տնօրենն էր, իր հրաժարականի վերաբերյալ բաց նամակը հրապարակել է առցանց՝ որպես նախագահ Ջո Բայդենի վարչակազմի դեմ բողոքի հազվագյուտ հրապարակային դրսևորում: Սա տեղի է ունեցել այն ֆոնին, երբ ԱՄՆ նախագահը պատրաստվում է Կոնգրեսից աննախադեպ ռազմական օգնության փաթեթ խնդրել Իսրայելի համար:

Փոլը, որը 11 տարի աշխատել է Պետքարտուղարությունում, Բայդենի վարչակազմի որոշումը որակել է «կողմնակալության վրա հիմնված իմպուլսիվ արձագանք», «կարճատեսության, ապակառուցողական, անարդար քաղաքականություն»։

Միևնույն ժամանակ նա ընդգծել է, որ ՀԱՄԱՍ-ի հարձակումը Իսրայելի վրա պարզապես հրեշավորություն էր:

«Բայց ես իմ հոգու խորքում հավատում եմ, որ Իսրայելի պատասխանը, և դրա հետ մեկտեղ ամերիկյան աջակցությունը և՛ այդ պատասխանին, և՛ օկուպացիայի ստատուս քվոյին, միայն ավելի ու ավելի խորը տառապանք կբերի թե՛ Իսրայելի, թե՛  Պաղեստինի ժողովրդին, և դա չի բխում ԱՄՆ-ի երկարաժամկետ շահերից», - պարզաբանել է Փոլը:

Վերջինս նաև գրել է, որ վախենում է, որ ԱՄՆ-ը «կրկնում է նույն սխալները, որոնք արել է վերջին տասնամյակների ընթացքում»:

«Ես հրաժարվում եմ ավելի  լինել այս ամենի մասը», - եզրափակել է նա:

  • Կիսվել: