Փարիզի Աստվածամոր տաճարում ահաբեկչության մասին նախազգուշացմամբ գրություն է հայտնաբերվել
Ֆրանսիայի մայրաքաղաքում ուրբաթ օրը աշխարհի ամենահայտնի տաճարներից մեկում՝ Փարիզի Աստվածամոր տաճարում, հայտնաբերվել է ահաբեկչության անանուն սպառնալիք, հայտնում է Le Figaro-ն:
Նշվում է, որ մեքենագիր նամակը հոկտեմբերի 10-ի ցերեկը գտել է տաճարի ծառայող կինը մոմերի համար նախատեսված տեղում։ Դրանում անհայտ անձը կոչ է արել «չբացել տաճարը հոկտեմբերի 11-ին եւ 12-ին»՝ պնդելով, որ ներսում թաքնված են դանակներ, եւ որ հանգստյան օրերին «կազմակերպվելու է սպանդ»՝ «օտարերկրյա այցելուների» մասնակցությամբ։
Նոտր Դամի պահպանությունն այս մասին անհապաղ տեղեկացրել է ոստիկանությանը։ Տարհանում չեն իրականացրել, սակայն իրավապահները մանրազնին ստուգել են յուրաքանչյուր շինություն՝ բացառելու համար հարձակման ցանկացած հնարավորություն։ Ուրբաթ ուշ երեկոյան Փարիզի ոստիկանության պրեֆեկտուրան տեղեկացրել է, որ«ստուգումները թույլ են տվել հանել կասկածները», եւ սպառնալիքը չի հաստատվել։
Ինչպես հաղորդվում է՝ այժմ քննչական մարմինները փորձում են պարզել նամակի հեղինակի անձը եւ դրդապատճառները։ Ոստիկանությունից հայտնել են, որ նման անանուն սպառնալիքներ ստացվում են ժամանակ առ ժամանակ, սակայն Ֆրանսիայում զգոնության բարձր մակարդակի ֆոնին դրանց առավելագույն չափով լուրջ են վերաբերվում։


