հինգշաբթի, հունիս 4
4 / 6 / 2026
Պակիստանը ժամանակավորապես դադարեցնում է Աֆղանստանի դեմ ռազմական գործողությունները

Պակիստանը ժամանակավորապես դադարեցնում է Աֆղանստանի դեմ ռազմական գործողությունները

Պակիստանի իշխանությունները մուսուլմանական Իդ ալ Ֆիթր տոնի առթիվ 5 օրով դադարեցնում են Աֆղանստանի դեմ ռազմական գործողությունները: Այս մասին հայտնել է Պակիստանի տեղեկատվության և հեռարձակման նախարար Աթաուլահ Թարարը։

Նա սոցցանցի իր էջում, մասնավորապես, նշել է. «Իդ ալ Ֆիթր իսլամական տոնից առաջ, իր նախաձեռնությամբ և եղբայրական իսլամական երկրների՝ Սաուդյան Արաբիայի, Կատարի և Թուրքիայի խնդրանքով՝ Պակիստանի Իսլամական Հանրապետության կառավարությունը որոշել է ժամանակավոր դադարեցնել Աֆղանստանում ահաբեկիչների և նրանց աջակցող ենթակառուցվածքների դեմ իրականացվող «Ղազաբ լիլ Հաք» գործողությունը»:

Պաշտոնյան հավելել է, որ Պակիստանն այս քայլը ձեռնարկում է բարի կամքով և իսլամական նորմերին համապատասխան, բայց և զգուշացրել է, որ Պակիստանի տարածքում սահմանային հարձակման, անօդաչու թռչող սարքերի հարվածի կամ որևէ ահաբեկչական միջադեպի դեպքում ռազմական գործողությունը անմիջապես կվերսկսվի նորացված ինտենսիվությամբ:

 

  • Կիսվել: