Պաղեստինի նախագահը Աբասը մեր խորհրդարանում ելույթ ունենալու նույնքան իրավունք ունի, որքան Նեթանյահուն՝ ԱՄՆ-ում․ Էրդողան
Թուրքիան կձգտի պատասխանատվության ենթարկել Իսրայելին՝ Գազայի հատվածում կատարած հանցագործությունների համար և թույլ չի տա, որ նա «հրկիզի տարածաշրջանը»։ Այս մասին իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության հիմնադրման արարողության ժամանակ հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։
Նա, մասնավորապես, ասել է. «Մենք կդիմադրենք տարածաշրջանը հրկիզելու Իսրայելի փորձերին: Իսրայելը, որը ցեղասպանություն է իրագործում Գազայում, պատասխանատվության կենթարկվի»:
Էրդողանը նաև նշել է, որ Պաղեստինի նախագահ Մահմուդ Աբասը հինգշաբթի ելույթ կունենա Թուրքիայի խորհրդարանում։ Հանրապետության օրենսդիր ժողովն այս օրը գումարում է արտահերթ ժողով՝ ի պաշտպանություն Պաղեստինի։
«Աբասն այսօր մեր հյուրն է լինելու, իսկ վաղը նա ելույթ կունենա խորհրդարանում: Նա աշխարհին կհայտարարի Պաղեստինի ազատության համար պայքարի մասին: Մենք ամբողջ աշխարհին ցույց կտանք, որ Աբասը մեր խորհրդարանում խոսելու նույն իրավունքն ունի, ինչ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն՝ ԱՄՆ-ում»,-նշել է Էրդողանը: