Որոշ երկրներ մեզ պետք չեն, քանի որ գլխացավանք են պատճառում. Թրամփը՝ Խաղաղության խորհրդին մասնակցելու մասին
Գազայի հատվածում իրավիճակը կարգավորելու համար Խաղաղության խորհրդի աշխատանքներին մասնակցելու հրավիրված բոլոր պետությունները, ի վերջո, կմիանան նախաձեռնությանը։ Այս մասին Խաղաղության խորհրդի առաջին նիստի ժամանակ հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը :
Ելույթ ունենալով Վաշինգտոնում ԱՄՆ նախաձեռնությամբ ստեղծված Խաղաղության խորհրդի առաջին նիստում՝ նա, մասնավորապես, նշել է. «Գրեթե բոլորն ընդունել են [խորհրդին միանալու հրավերը], իսկ նրանք, ովքեր չեն ընդունել, կընդունեն։ Նրանք նազուտուզ են անում։ Դա չի օգնի։ Ինձ հետ նազուտուզ անել չի լինի»Լ
Թրամփի խոսքով՝ երկրների մեծ մասը համաձայն է անմիջապես մասնակցել։ «Բոլորը միանում են, մեծ մասը՝ անմիջապես։ Որոշ երկրներ մեզ պետք չեն, քանի որ գլխացավանք են պատճառում։ Նրանցով կզբաղվեն»,- հավելել է Թրամփը՝ առանց մանրամասնելու, թե հատկապես ո՛ր պետությունների մասին է խոսքը։
Նա ընդգծել է նաև համագործակցության նոր ձևաչափի կարևորությունը։ «Ըստ իս՝ սա ամենակարևոր խորհուրդն է։ Անշուշտ, իշխանության և հեղինակության առումով նման բան երբեք չի եղել։ Որովհետև նրանք աշխարհի մեծագույն առաջնորդներն են»,- նշել է նա։
Թրամփը հավելել է, որ նախաձեռնության մասնակիցները մտադիր են համատեղ աշխատել տարածաշրջանը կայունացնելու համար։ «Մենք համատեղ աշխատում ենք՝ Գազայի, Մերձավոր Արևելքի և ամբողջ աշխարհի ժողովրդի համար ավելի պայծառ ապագա ապահովելու համար»,-ասել է ԱՄՆ նախագահը։
Նա անդրադարձել է նաև Խաղաղության խորհրդի անդամ երկրների առաջնորդներին՝ ասելով.. «Նրանք ֆինանսական առումով շատ առատաձեռն են»:


