հինգշաբթի, մայիս 9
9 / 5 / 2024
ՕՊԵԿ գործողությունները եզրագծին կհասցնեն համաշխարհային տնտեսությունը. Միջազգային էներգետիկ գործակալություն

ՕՊԵԿ գործողությունները եզրագծին կհասցնեն համաշխարհային տնտեսությունը. Միջազգային էներգետիկ գործակալություն

Միջազգային էներգետիկ գործակալությունը հայտարարել է, որ ՕՊԵԿ գործողությունները համաշխարհային տնտեսությունը կարող են հասցնել եզրագծին։

«Նավթի ավելի բարձր գները կարող են բեկումնային լինել համաշխարհային տնտեսության համար, որն արդեն ռեցեսիայի շեմին է»,- նշել են գործակալությունում։

ՄԷԳ-ը 20 տոկոսով իջեցրել է նավթի համաշխարհային պահանջարկի իր կանխատեսումը եկող տարվա համար։ Արժույթի միջազգային հիմնադրամն այս շաբաթ հայտարարել է, որ շատերի համար 2023-ը «նման է լինելու ռեցեսիայի»՝ ՀՆԱ իր կանխատեսումն իջեցնելով 2,7 տոկոսի՝ ավելի վաղ արված 3,2 տոկոսի դիմաց։

Սպասվում է, որ ՕՊԵԿ որոշումը կտրուկ կնվազեցնի նավթի համաշխարհային պաշարները եւ կպահպանի բարձր գները։

«ՕՊԵԿ+-ի նավթի մատակարարումների զանգվածային կրճատումն ավելացնում է  էներգետիկ անվտանգության ռիսկերն ամբողջ աշխարհում»,- նշվել է ՄԷԳ-ի հաղորդագրությունում։

Նավթի արդյունահանումն օրական 2 մլն բարելով կրճատելու կարտելի որոշումը վատացրել է Վաշինգտոնի եւ Էր Ռիյադի հարաբերությունները։

ՄԷԳ-ի տվյալներով՝ նավթարդյունահանման փաստացի կրճատումը մոտ կլինի օրական 1 մլն բարելին, հաշվի առնելով այն, որ ՕՊԵԿ+-ի անդամների մեծ մասը, ներառյալ Ռուսաստանը, չի կատարում նախորդ արտադրական պլանները։

Այս որոշման արդյունքում Brent տեսակի նավթի  գինը հասել է մեկ բարելը 100 դոլարի։ Հինգշաբթի գլոբալ էտալոնը վաճառվում էր 93 դոլարից մի փոքր էժան, ինչը 11 տոկոսով բարձր է վերջին նվազագույնից։

Որպես կանոն,  նավթի բարձր գները ստիպում են գործել ՕՊԵԿ-ի մեջ չմտնող արտադրողներին, հատկապես ամերիկյան թղթաքարային նավթ արտադրող ընկերություններին։ Սակայն, ՄԷԳ-ի տվյալներով՝ նրանք տառապում են մատակարարումների շղթայի խափանումներից եւ բարձր գներից, եւ նրանք դեռ պետք է հայտարարեն խոշոր ներդրումների մասին։

Եվս մեկ գործոն, որը դեր է խաղում անբավարար ներդրումների հարցում. 2020թ. նավթային ճգնաժամը։ Համավարակի առաջին օրերին Brent տեսակի նավթը էժանացավ մեկ բարելը 20 դոլարով, մինչդեռ նավթի գինն ԱՄՆ-ում բացասական էր, ինչը հանգեցրեց սնանկությունների շարքի նավթագազային ոլորտում։

«Դա կասկածի տակ է դնում ենթադրություններն այն մասին, որ ավելի բարձր գները անպայման կհավասարակշռեն շուկան ի հաշիվ լրացուցիչ առաջարկի»։ Սպասվում է, որ 2023թ. առաջարկի աճը «նկատելիորեն կդանդաղի», բայց կհասնի ռեկորդային 100,6 մլն բարելի օրական։ ՄԷԳ-ի կանխատեսումներով՝ նավթի պահանջարկը եկող տարի կկազմի միջինը 101,3 մլն բարել օրական։

  • Կիսվել: