Նոր լարվածություն. Բաքուն բացատրություն է պահանջել Մոսկվայից՝ պատգամավորի մուտքն արգելելու համար
Մոսկվայի և Բաքվի հարաբերություններում նոր լարվածություն է առաջացել։ Ադրբեջանը բացատրություն է պահանջել նախօրեին Ռուսաստանից՝ Մոսկվայի օդանավակայանում երկրի խորհրդարանի պատգամավոր Ազեր Բադամովին ձերբակալելու համար։ Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները:
Ադրբեջանի ԱԳՆ մամուլի քարտուղար Այխան Հաջիզադեն հաստատել է, որ Բադամովը, ով Աստրախան էր թռչում Մոսկվայի «Վնուկովո» օդանավակայանով, ձերբակալվել է: Նրան թույլ չեն տվել մեկնել Աստրախան՝ հայտարարելով Ռուսաստան մուտքի արգելքի մասին։ Ավելի ուշ ադրբեջանցի պատգամավորին հետ են ուղարկել Բաքու։
ԱԳՆ ներկայացուցչի խոսքով՝ մուտքի արգելքի մասին որոշումն ընդունվել է առանց նախնական ծանուցման և բացատրության: Ինչպես պնդում է Հաջիզադեն, Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունից հայտնել են, որ այդ հարցը հետաքննվելու է, սակայն չեն բացատրել որոշման պատճառները:
Հարկ է նշել, որ Բադամովին ՌԴ-ի կողմից «սև ցուցակում» ընդգրկելը կապված է Ադրբեջանի հասցեին քննադատական արտահայտություններ արած ռուս պատգամավոր Նիկոլայ Վալուևի հասցեին նրա լկտի արտահայտությունների հետ:
Նշենք, որ մայիսի 3-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ու նրա կինը՝ երկրի առաջին փոխնախագահ Մեհրիբան Ալիևան, Բաքվում ընդունել էին Ռուսիո պատրիարքին։ Վերջինս Մեհրիբան Ալիևային պարգևատրել է Ռուս Ուղղափառ Եկեղեցու սուրբ իշխանուհի Օլգայի 1-ին աստիճանի շքանշանով՝ հասարակությունում ավանդական արժեքների պահպանման գործում ունեցած ներդրման համար։
Բացի այդ, պատրիարք Կիրիլը փոխանցել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հրավերը՝ մասնակցելու Մոսկվայում մայիսի 9-ին կայանալիք Երկրորդ համաշխարհային պատերազմում հաղթանակի 80-ամյակին նվիրված միջոցառումներին։