շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Նիդերլանդները կակաչի նոր տեսակը կոչել է ԱՄՆ առաջին տիկնոջ անունով

Նիդերլանդները կակաչի նոր տեսակը կոչել է ԱՄՆ առաջին տիկնոջ անունով

Նիդերլանդներում կակաչի նոր տեսակ են ստեղծել, որը կոչել են ԱՄՆ առաջին տիկին Ջիլ Բայդենի անունով: ԱՄՆ նախագահի կնոջը «Ջիլ Բայդեն» կակաչները նվիրել է ԱՄՆ-ում Նիդերլանդների Թագավորության դեսպան Անդրե Հասփելսն իր պաշտոնական նստավայրում տեղի ունեցած արարողության ժամանակ։ Այս մասին հաղորդում է Associated Press գործակալությունը:

 

Ջիլ Բայդենը ցանկություն է հայտնել, որ իր պատվին անվանված կակաչները դառնան երկու պետությունների միջև երկարամյա բարեկամության նշան:

Հոլանդացիների կողմից նման պատվի են արժանացել ԱՄՆ առաջին տիկնանցից 7-ը: Նրանցից առաջինը եղել է ԱՄՆ նախագահ Գրովեր Քլիվլենդի կինը՝ Ֆրենսիս Ֆոլսոմ Քլիվլենդը, որի պատվին կակաչ է անվանվել 1800-ականների վերջին:

Իսկ Ջիլ Բայդենից առաջ Նիդերլանդները կակաչի մի տեսակ կոչել է նախագահ Ջորջ Ու. Բուշի կնոջ՝ Լորա Բուշի անունով, 2004 թ.-ին:

 

Associated Press-ը նշում է, որ Ջիլ Բայդենը հայտնի է թարմ քաղված ծաղիկների հանդեպ իր սիրով, և Սպիտակ տանն ունի հատուկ այգի, որտեղից ծաղիկներ են քաղում:

Իսկ հոլանդացիների սերը կակաչների հանդեպ թվագրվում է 1594 թ.-ին, երբ բուսաբան Կարոլուս Կլազիուսը Լեյդենի համալսարանի այգում տնկեց կակաչի սոխուկներ: Այդ ժամանակից ի վեր հոլանդացիները տիրապետում են կակաչի բազմաթիվ տեսակների մշակման և աճեցման արվեստին:

Ըստ դեսպան Անդրե Հասփելսի՝ Նիդերլանդները տարեկան ավելի քան 450 միլիոն կակաչի սոխուկ է արտահանում ԱՄՆ:

  • Կիսվել: