ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
Նավալնիի սպանությունը ակներև դարձրեց, թե ում հետ գործ ունենք. Գերմանիայի Բունդեսթագի իրավական հանձնաժողովի նախագահ

Նավալնիի սպանությունը ակներև դարձրեց, թե ում հետ գործ ունենք. Գերմանիայի Բունդեսթագի իրավական հանձնաժողովի նախագահ

Ալեքսեյ Նավալնիի սպանությունը ևս մեկ անգամ ակներև դարձրեց, թե ում հետ մենք գործ ունենք՝ ի դեմս Ռուսաստանի ղեկավարի: Սա ամենաանխիղճ և մարդու իրավունքները ոտնահարող ակտն էր, որ կարող էր տեղի ունենալ: Այս մասին, այսօր՝ փետրվարի 27-ին, Հայաստանում Գերմանիայի դեսպանատանը մամուլի ասուլիսի ժամանակ ասաց  Գերմանիայի Բունդեսթագի իրավական հանձնաժողովի նախագահ Էլիզաբեթ Վինքելմայեր-Բեքերը:

Նրա խոսքով, Ռուսաստանի նախագահը, որը կարծում էր, որ այդ գործողությամբ կարող է թուլացնել ընդդիմությանը, պետք է, որ հիասթափություն ապրած լինի, որովհետև հատկապես այդպիսի գործողություններից հետո, մարդիկ հասկանում են, թե որքան կարևոր է ժողովրդավարության պայմաններում իրացնել իրենց հիմնարար ազատությունները և օր առաջ ազատվել այդպիսի ռեժիմի տակ ապրելու լծից:

«Գերմանիան շարունակում է մնալ այն կարծիքին, որ Ուկրաինային աջակցությունը ուղղված է նախ նրան, որ Ուկրաինան կարողանա պաշտպանել ինքն իրեն, ապա նաև նրան, որ Ուկրաինան պաշտպանում է արևմտյան ժողովրդավարական և մարդու իրավունքների համընդհանուր արժեքները»,-ասաց Գերմանիայի Բունդեսթագի իրավական հանձնաժողովի նախագահը:

 Նրա խոսքով, Գերմանիան հաստատակամորեն շարունակում է աջակցել Ուկրաինային ինչպես ռազմական, այնպես էլ բժշկական օգնության առումով: Բացի այդ Գերմանիան Ուկրաինայից բազմաթիվ փախստականների է ընդունել: Այս իրադարձությունն էլ նպաստում է նրան, որ Գերմանիան շարունակի աջակցություն ցուցաբերել Ուկրաինային: 

  • Կիսվել: