հինգշաբթի, մայիս 22
22 / 5 / 2025
ՆԱՏՕ-ն ուզում է գերիշխանություն հաստատել Եվրասիայում, այնինչ տարածաշրջանի երկրներն իրենց պետք է լուծեն իրենց խնդիրները․ Լավրով

ՆԱՏՕ-ն ուզում է գերիշխանություն հաստատել Եվրասիայում, այնինչ տարածաշրջանի երկրներն իրենց պետք է լուծեն իրենց խնդիրները․ Լավրով

Հյուսիսատլանտյան դաշինքն ընդլայնում է իր ներկայությունը և ձգտում է իր գերիշխանությունը հաստատել ողջ եվրասիական տարածքում, նաև Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի երկրներում, հայտարարել է ՌԴ ԱԳՆ Սերգեյ Լավրովը՝ «Եդինայա Ռոսիա» կուսակցության խորհրդի նիստում։

Լավրովը հայտարարել է նաև՝  ի տարբերություն ՆԱՏՕ-ի, Ռուսաստանը կարծում է, որ տարածաշրջանի երկրներն իրենք պետք է լուծեն իրենց խնդիրները։ Նրա խոսքով՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի առաջ քաշած եվրասիական անվտանգության հայեցակարգի հիմքում է ընկած այդ  տրամաբանությունը՝ տարածաշրջանային խնդիրներին պետք է լուծում տան տարածաշրջանային  երկրները։

«Այսինքն՝ հենց տարածաշրջանի երկրները,  տվյալ դեպքում՝ Եվրասիայի երկրները  պետք է համատեղ պատասխանատվություն կրեն հակամարտությունների կարգավորման համար՝ թույլ չտալով դրսից բացասական միջամտություն։ Սա առավել կարևորվում է՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ հավաքական Արևմուտքը, ընտրելով   ՆԱՏՕ-ակենտրոն քաղաքականություն, ըստ էության, խաչ է քաշել ձեռք բերված պայմանավորվածությունների, առաջին հերթին՝ ԵԱՀԿ շրջանակում ձեռք բերված պայմանավորվածությունների վրա, երբ ամենաբարձր մակարդակով և կոնսենսուսի հիման վրա բազմիցս հռչակվել է  անվտանգության անբաժանելիության սկզբունքի մասին, հայտարարվել է, որ ԵԱՀԿ պատասխանատվության տարածաշրջանում ոչ մի կազմակերպություն չի հավակնելու գերիշխող դերի։ Բայց այս ամենը ոտնահարվել է»,- հայտարարել է Լավրովը։

«Իսկ ՌԴ նախագահի   նախաձեռնությունը անվտանգության նկատմամբ այլ մոտեցման մասին է, այն «իրավահավասար» անվտանգության մասին է, անվտանգության, որը կապահովվի՝ առանց արտատարածաշրջանային ուժերի մասնակցության»,- հավելել է Լավրովը։

  • Կիսվել: