ՆԱՏՕ-ն կոչ է անում «ամբողջական հետաքննություն» իրականացնել Ղազախստանում «Azerbaijan Airlines»-ի օդանավի կործանման կապակցությամբ
ՆԱՏՕ-ի խոսնակ Ֆարահ Դախլալլան իր թվիթերյան էջում կոչ է արել «ամբողջական հետաքննություն» իրականացնել Ղազախստանում «Azerbaijan Airlines»-ի օդանավի կործանման կապակցությամբ:
Նա, մասնավորապես, նշել է. «Մեր մտքերն ու աղոթքները «Azerbaijan Airlines»-ի J28243 չվերթի զոհերի ընտանիքների հետ են: Մենք շուտափույթ ապաքինում ենք մաղթում վթարի հետևանքով տուժածներին և կոչ ենք անում լիարժեք հետաքննություն սկսել»:
Ավելի վաղ հայտնել էինք, որ դեկտեմբերի 25-ի առավոտյան Բաքվից Գրոզնի թռչող ադրբեջանական Embraer 190 ինքնաթիռը վթարի է ենթարկվել Ղազախստանի արևմտյան Ակտաու քաղաքի մոտ։
Օդային տրանսպորտի դաշնային գործակալության տվյալներով՝ այն բանից հետո, երբ ինքնաթիռը բախվել է թռչուններին, օդանավի հրամանատարը որոշել է շեղվել դեպի Ակտաուի այլընտրանքային օդանավակայան։ Ավիաընկերության տվյալներով՝ ինքնաթիռում եղել է 62 ուղևոր և անձնակազմի 5 անդամ։
Ղազախստանի արտակարգ իրավիճակների նախարարության տվյալներով՝ ողջ է մնացել 29 մարդ։