Նապոլեոնն ու Հիտլերը փորձեցին հաղթել ՌԴ-ին, բայց չկարողացան. հավանաբար, Կայա Կալասը կկարողանա. Օրբան
Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը կատակել է, որ Բրյուսելը կցանկանար հաղթել Ռուսաստանին մարտադաշտում, եւ կասկածել է, թե այն, ինչ չի հաջողվել Նապոլեոնին եւ Հիտլերին, կհաջողվի եվրոպական դիվանագիտության ղեկավար Կայա Կալասին։
Ելույթ ունենալով Բեկեշչաբում, նախընտրական միջոցառման ժամանակ՝ Օրբանը, մասնավորապես, նշել է. «Բրյուսելը ցանկանում է հաղթել Ռուսաստանին մարտադաշտում... Նապոլեոնը եւ Հիտլերը փորձեցին անել դա, բայց չկարողացան, դե, այդ դեպքում, հավանաբար, Կայա Կալասը կկարողանա։ Այնպես որ, ուզում եմ ասել, որ դա սխալ, ոչ ճիշտ քաղաքական ռազմավարություն է՝ մարդկային զոհերի ահավոր քանակությամբ»:
Նա նաև հավելել է, որ սխալ է համարում ԵՄ եւ, մասնավորապես, Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցի ռազմավարությունը, որը կառուցվում է «Ռուսաստանի տնտեսությունը չի դիմանա» մտայնության վրա:
«Ես կարծում եմ, որ դա սխալ է, եւ նա, ով կմիանա եվրոպական այդ գաղափարին եւ պլանին, վերջնարդյունքում իր երկիրը փորձանքի կմատնի։ Նրանք կքայքայեն իրենց սեփական երկիրը։ Տնտեսական առումով կփլուզվի ոչ թե Ռուսաստանը, այլ Եվրամիության եւ այն երկրների տնտեսությունները, որոնք կմիանան նրանց»,-ասել է Օրբանը:



