Մտադիր ենք սերտորեն համագործակցել Նեթանյահուի հետ՝ չնայած ՄՔԴ-ի ձերբակալման հրամանագրին. Ֆրանսիայի ԱԳՆ
Ֆրանսիան մտադիր է շարունակել սերտ համագործակցությունն Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ՝ չնայած պատերազմի հանցագործությունների գործերով համաշխարհային բարձրագույն դատարանի կողմից տրված ձերբակալման հրամանագրին: Այս մասին ասված է Ֆրանսիայի ԱԳՆ-ի հայտարարության մեջ, տեղեկացնում է Associated Press-ը:
Միևնույն ժամանակ հայտարարության մեջ Ֆրանսիայի ԱԳՆ-ն ընդգծել է, որ Նեթանյահուն և իսրայելցի այլ պաշտոնյաներ օգտվում են անձեռնմխելիությունից, քանի որ Իսրայելը ՄՔԴ-ի անդամ չէ:
Նշվում է նաև, որ դա հաշվի կառնվի, եթե ՄՔԴ-ն Փարիզին խնդրի նրանց ձերբակալել ու հանձնել իրեն։
Հայտարարության մեջ խոսվում է նաև «պատմական բարեկամության մասին, որը կապում է Ֆրանսիան և Իսրայելը՝ երկու ժողովրդավարական պետությունների, որոնք հավատարիմ են օրենքի գերակայությանը և պրոֆեսիոնալ և անկախ դատական համակարգի նկատմամբ հարգանքին»:
«Ֆրանսիան մտադիր է շարունակել սերտ համագործակցությունը վարչապետ Նեթանյահուի և իսրայելական այլ իշխանությունների հետ՝ Մերձավոր Արևելքում բոլորի համար խաղաղության և անվտանգության հասնելու համար»,-ասված է Ֆրանսիայի ԱԳՆ հայտարարության մեջ:
Հիշեցնենք, որ անցյալ շաբաթ Միջազգային քրեական դատարանը (ՄՔԴ) ձերբակալության հրամանագիր արձակեց Նեթանյահուի, նրա պաշտպանության նախկին նախարար Յոավ Գալանտի և պաղեստինյան ՀԱՄԱՍ խմբավորման առաջնորդներից մեկի վերաբերյալ՝ նրանց մեղադրելով մարդկայնության դեմ հանցագործությունների մեջ՝ Գազայի 13-ամսյա պատերազմի առնչությամբ։
Ֆրանսիայի վարչապետ Միշել Բարնյեն ընթացիկ շաբաթ խորհրդարանում հայտարարել է, որ Ֆրանսիան խստորեն կպահպանի միջազգային իրավունքով ստանձնած իր պարտավորությունները, այս դիրքորոշումը Ֆրանսիայի արտգործնախարարը կրկնել է չորեքշաբթի առավոտյան հեռուստատեսային հարցազրույցում: