երկուշաբթի, մայիս 6
6 / 5 / 2024
Մոսկվայի քաղաքապետի պաշտոնում մեծ առավելությամբ վերընտրվել է Սերգեյ Սոբյանինը

Մոսկվայի քաղաքապետի պաշտոնում մեծ առավելությամբ վերընտրվել է Սերգեյ Սոբյանինը

Մոսկվայի գործող  քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը կիրակի օրն ավարտված ընտրությունների արդյունքներով վերընտրվել է նոր ժամկետով՝ նախնական տվյալներով ստանալով ձայների ավելի քան 75%-ը, գրում է «Կոմերսանտը»։

Մայրաքաղաքում եռօրյա քվեարկությունն անցել է սովորականից հանգիստ, իսկ ընտրողների ճնշող մեծամասնությունը նախընտրել է օգտագործել կամարտահայտման էլեկտրոնային ձևաչափը։ Թեկնածուները և նրանց շտաբերը լուրջ խախտումներ չեն նկատել և արձանագրել են  ավարտված ընտրարշավի առօրյա բնույթը։

Հեռավար էլեկտրոնային քվեարկության (DEV) նկատմամբ մոսկվացիների հակումն ակնհայտորեն երևում էր շաբաթ երեկոյան, երբ այս եղանակով քվեարկած քաղաքացիների թիվը գերազանցեց 2 միլիոնը։ Ընդհանուր առմամբ, մայրաքաղաքի ավելի քան 2,7 միլիոն  ընտրողներ (ընտրություններին մասնակցածների ավելի քան 80%-ը) գերադասել են առցանց քվեարկությունը՝ թղթային քվեաթերթիկներ օգտագործած 570 հազարի դիմաց։ Արդյունքում գործող քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը վստահորեն հաղթել է «էլեկտրոնային մրցույթում»՝ ստանալով ձայների ավելի քան 77%-ը։ Հաջորդ տեղերը զբաղեցրել են Լեոնիդ Զյուգանովը (ՌԴԿԿ, 8%), Բորիս Չերնիշովը (ՌԼԴԿ, 6%), Վլադիսլավ Դավանկովը («Նոր մարդիկ», 5,1%) և Դմիտրի Գուսևը («Արդար Ռուսաստան», 3,9%)։ Առաջին թղթային քվեաթերթիկների հաշվարկից հետո (արձանագրությունների 3,5%-ը) քաղաքապետի արդյունքը գրեթե նույնն է՝ 77,9%։

 

  • Կիսվել: