հինգշաբթի, մարտ 28
28 / 3 / 2024
Մոլդովայի մոտ մեկ միլիոն բնակիչ ստացել է Ռումինիայի քաղաքացիություն

Մոլդովայի մոտ մեկ միլիոն բնակիչ ստացել է Ռումինիայի քաղաքացիություն

Ռումինիայի կառավարությանն առընթեր Մոլդովայի հետ կապերի դեպարտամենտի պետքարտուղար Ադրիան Դյուպուն ասել է, որ մոտ մեկ միլիոն մոլդովացի ստացել է Ռումինիայի քաղաքացիություն՝ հայտնում է РИА Новости-ն:

«Պրուտ գետի ձախ ափի գրեթե մեկ միլիոն բնակիչ ստացել է Ռումինիայի քաղաքացիություն։ Նրանք ռումինացի են, և դա ապացուցում են փաստաթղթերով։ Եվս 100 000 դիմում ներկայումս քննարկվում է Քաղաքացիության ազգային գրասենյակում»,- ասել է պաշտոնյան։

2009 թվականին Ռումինիայի խորհրդարանն օրենք է ընդունել, որը պարզեցնում է Մոլդովայի բնակիչներին քաղաքացիություն տրամադրելու կարգը։ Ռումինական անձնագիր ստանալու համար Պրուտի ձախ ափին ապրողները ռումիներենի իմացության համար պարտադիր հարցազրույց անցնելու կարիք չունեն: Ռումինիայի օրենքը թույլ է տալիս նաև պահպանել Մոլդովայի և երրորդ երկրների քաղաքացիությունը:

Մոլդովայի նախկին նախագահ Իգոր Դոդոնն էլ հայտարարել է, որ նախագահ Սանդուն արտաքին ուժերի հետ հանրապետությունում ապակայունացում է հրահրում, որպեսզի արդարացնի «Ռումինիային Մոլդովայի ռազմական և քաղաքական միացումը և երկրի տարածքում ՆԱՏՕ-ի զորքերի տեղակայումը»:

Սոցիոլոգիական հարցումների համաձայն՝ երկու երկրների միավորման գաղափարը Մոլդովայում միանշանակ չի ընդունվում։

Ըստ Intellect Group-ի հարցման, որը հրապարակվել է ապրիլին, Մոլդովայի քաղաքացիների 59,9%-ը ցանկանում է հանրապետությունը տեսնել ապագայում անկախ և չեզոք, մինչդեռ 22,6%-ը ցանկանում է անդամակցել ԵՄ-ին, 10%-ը՝ ԵԱՏՄ-ին, 3,3%-ը կողմ է Ռումինիային միավորմանը:

  • Կիսվել: