Թուրքիայի ազգային հետախուզական ծառայությունը հայտնել է PKK-ի ղեկավար անդամներից մեկի ձերբակալության մասին
Թուրքիայի ազգային հետախուզական ծառայության և Ոստիկանության գլխավոր վարչության կողմից իրականացված համատեղ գործողության արդյունքում ձերբակալվել է Թուրքիայի կողմից ահաբեկչական ճանաչված «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (PKK) անդամ համարվող Մուրադ Քըզըլը, հայտնում են ԶԼՄ-ները:
Նշվում է, որ գործողությունն իրականացվել է Թուրքիայի սահմաններից դուրս՝ Քըզըլի Եվրոպա մեկնելու ճանապարհին:
Թուրքական քարոզչամեքենան Քըզըլին համարում է PKK-ի և Թուրքիայի կողմից դրա հետ նույնացվող «Քուրդիստանի համայնքների միության» (KCK)-ի ղեկավար շրջանակների անդամ:
Թուրքական կողմի պնդմամբ՝ նա այդ կառույցին անդամակցել է 2015-ին և որպես ղեկավար մարմնի անդամ գործունեություն ծավալել Սիրիայում և Իրաքում:
Նրան մեղադրանք է առաջադրվել «զինված ահաբեկչական կազմակերպության անդամ լինելու» մասին հոդվածի հատականիշներով: