Մինեսոտայի մայրաքաղաքում երկրորդ մարդն է զոհվել դաշնային գործակալների ձեռքով. սկսվել են զանգվածային բողոքի ցույցեր
Մինեսոտայի մայրաքաղաք Մինեապոլիսում երկրորդ մարդն է զոհվել դաշնային գործակալների ձեռքով։ Այս մասին տեղեկացնում է CNN-ը։
37-ամյա բուժեղբայր Ալեքս Պրետիի սպանությունը Մինեսոտա նահանգի Մինեապոլիս քաղաքում բողոքի ցույցեր է առաջացրել ընդդեմ ԱՄՆ որոշ նահանգներում ներգաղթի սահմանափակող միջոցների խստացման:
Նշվում է, որ ցույցեր են տեղի ունեցել սկսած Նյու Յորքից, որտեղ մարդիկ պաստառներով պահանջել են դադարեցնել Ներգաղթի և մաքսային ոստիկանության (ICE) գործողությունները, մինչև Լոս Անջելես, որտեղ անցկացվել է գիշերային աղոթք մոմերով։
Տեղի ունեցածի ֆոնին Մինեապոլիսում չեղարկվել են մարզական և մշակութային միջոցառումներ, փակվել են թանգարաններ և մի շարք այլ հաստատություններ։
ԱՄՆ Մինեսոտա նահանգի վարչակազմից հայտնել են, որ Մինեապոլիսի ոստիկանապետի առաջարկությամբ և զգուշավորության նպատակով Մինեապոլիսի քաղաքապետ Ջեյքոբ Ֆրեյը պաշտոնապես դիմել է Մինեսոտայի նահանգապետ Թիմ Ուոլցին՝ խնդրելով, որ Մինեսոտայի ազգային գվարդիան օգնի ուժեղացնել տեղական իրավապահ մարմինները Մինեապոլիսում:
Ըստ հաղորդագրության՝ տեղական իրավապահ մարմինների ռեսուրսները խիստ սահմանափակված են՝ հանրային անվտանգության խախտման պատճառով, որը պայմանավորված է նահանգի շրջաններում դաշնային հազարավոր ներգաղթի գործակալների գործողություններով։
Մինեսոտայի գվարդիայի աշխատակիցները պատրաստ կլինեն օգնել տեղական ոստիկանությանը և արտակարգ ծառայությունների աշխատակիցներին՝ ապահովելու հանրային անվտանգությունը 26-րդ փողոցի և Նիկոլետ պողոտայի խաչմերուկում, որտեղ դաշնային գործակալները շաբաթ առավոտյան սպանել էին Մինեապոլիսի բնակչի, ինչպես նաև այլ տեղերում՝ ըստ անհրաժեշտության։
Հաղորդվում է նաև, որ Մինեսոտայի գվարդիայի աշխատակիցները մշտապես լինելու են սերտ կապի մեջ Մինեապոլիսի ոստիկանության աշխատակիցների հետ, որոնց աջակցում են։
Նահանգապետի վարչակազմից նշել են, որ Մինեսոտայի գվարդիայի տեղակայումը իրականացվում է տեղական իշխանությունների խնդրանքով։
Ոստիկանությունը հանրային անվտանգության նկատառումներից ելնելով ժամանակավորապես մեքենաների արգելապատնեշ է տեղադրել դեպքի վայրի մոտ։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ 37-ամյա բուժեղբայր Ալեքս Պրետին մահացել է դաշնային գործակալների ձեռքով։
ԱՄՆ վարչակազմը պաշտպանել է Ներգաղթի և մաքսային ոստիկանությանը (ICE)՝ հայտարարելով, որ կրակոցը տեղի է ունեցել ինքնապաշտպանության նպատակով և Պրետին զինված է եղել։ Սակայն ականատեսները պնդում են, որ կրակոցի պահին Պրետին անզեն է եղել և մահվանից առաջ դաժանորեն ծեծվել է դաշնային գործակալների կողմից։
Ականատեսների վկայությամբ հակամարտությունը սկսվել է այն ժամանակ, երբ Պրետին փորձել է օգնել մարդկանց, որոնք ձերբակալվել էին դաշնային գործակալների կողմից։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Truth Social սոցիալական ցանցում պաշտպանել է ԱՄՆ ներգաղթի և մաքսային ոստիկանությանը (ICE), որի գործակալները երեկ Մինեսոտա նահանգում կրկին մարդ են սպանել։
ԱՄՆ նախագահը հրապարակել է զենքի լուսանկարը, որը, ըստ նրա, պատկանել է սպանվածին։
«Սա հանցագործի ատրճանակն է, լիցքավորված (երկու լրացուցիչ լիարժեք պահեստատուփով) և պատրաստ կրակելու։ Սա ի՞նչ է նշանակում։ Որտե՞ղ է տեղի ոստիկանությունը։ Ինչո՞ւ նրանց թույլ չտվեցին պաշտպանել ICE-ի աշխատակիցներին։ Քաղաքապետն ու նահանգապետը պատասխանատվության կանչե՞լ են նրանց», նշել է ԱՄՆ նախագահը։
Ինչպես ընդգծել է Թրամփը, պնդումներ կան, որ «շատ ոստիկանների թույլ չեն տվել կատարել իրենց աշխատանքը, ինչի հետևանքով ICE-ը ստիպված է եղել ինքնուրույն պաշտպանվել, ինչը հեշտ չէ»։
Նա իր գրառման մեջ հիշատակել է նաև Մինեսոտայից սոմալիական ծագմամբ կոնգրեսական Իլհան Օմարին, որի հաշվին, ըստ Թրամփի, կա 34 մլն դոլար։
«Իսկ որտե՞ղ են այն տասնյակ միլիարդավոր դոլարները, որոնք գողացվել են երբեմնի մեծ Մինեսոտա նահանգից։ Մենք հայտնվել ենք այս իրավիճակում լայնածավալ ֆինանսական մեքենայությունների պատճառով, որոնց հետևանքով միլիարդավոր դոլարներ են անհետացել, և անօրինական հանցագործների պատճառով, որոնք կարողացել են ներթափանցել նահանգ՝ շնորհիվ դեմոկրատների վարած բաց սահմանների քաղաքականության։ Մենք ուզում ենք վերադարձնել այդ գումարները, և վերադարձնել անմիջապես։
Այն խաբեբաները, որոնք գումարներ են գողացել, կուղարկվեն բանտ, որտեղ նրանց տեղն է։ Սա ոչնչով չի տարբերվում իսկապես խոշոր բանկի կողոպուտից։ Շատ բաներ, ինչ դուք տեսնում եք, պարզապես ՔՈՂԱՐԿՈՒՄ է այս գողության և խաբեության համար։ Քաղաքապետն ու նահանգապետը իրենց պաթոսային, վտանգավոր և ամբարտավան հռետորաբանությամբ դրդում են ապստամբության։ Փոխարենը այդ կեղծավոր քաղաքական հիմարները պետք է զբաղվեին այն միլիարդավոր դոլարների որոնմամբ, որոնք գողացվել են Մինեսոտայի և ԱՄՆ ժողովրդից։
ԹՈՒՅԼ ՏՎԵՔ ICE-Ի ՄԵՐ ՀԱՅՐԵՆԱՍԵՐՆԵՐԻՆ ԿԱՏԱՐԵԼ ԻՐԵՆՑ ԱՇԽԱՏԱՆՔԸ։ 12 000 անօրինական ներգաղթյալ-հանցագործներ, որոնցից շատերը հակված են բռնության, ձերբակալվել և դուրս են բերվել Մինեսոտայից։ Եթե նրանք դեռ այնտեղ լինեին, դուք կտեսնեիք շատ ավելի վատ բան, քան այն, ինչ տեսնում եք այսօր», գրել է Դոնալդ Թրամփը։


